![](/banners/BeFunky-design.jpg)
Շվեդիայում սկսվել են վերջին 25 տարվա ընթացքում խոշորագույն միջազգային զորավարժությունները
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1108879-1.jpg)
Այսօր Շվեդիայում մեկնարկել են վերջին 25 տարվա ընթացքում խոշորագույն «Ավրորա 23» միջազգային զորավարժությունները։ Ըստ Շվեդիայի պաշտպանության նախարարության՝ դրանք կտևեն մինչև մայիսի 11-ը: Զորավարժություններին մասնակցում են նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Նորվեգիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան և Ֆրանսիան։
Զորավարժությունների նպատակը «զինված ուժերի մարտունակության բարձրացումն է» Շվեդիայի վրա հնարավոր զինված հարձակման դեպքում։
«Մարտունակության բարձրացման, ստուգման և ցուցադրման հիմնական միջոցներից մեկը զորավարժություններն են, – նշում են պաշտպանության նախարարությունում։ – Մեր գործընկեր երկրների զինվորական ստորաբաժանումների հետ միասին մենք ամրապնդում ենք անվտանգությունը՝ միաժամանակ բարձրացնելով Շվեդիայի օպերատիվ ներուժը»։
Զորավարժությունները տեղի կունենան օդում, ցամաքում և ծովում, բայց հիմնականում՝ Շվեդիայի հարավում, ինչպես նաև Գոտլանդ կղզում։ Դրանց կմասնակցի մոտ 26 հազար զինվորական բոլոր ստորաբաժանումներից: Կործանիչները, ուղղաթիռները, փոխադրական և հատուկ թռիչքները կիրականացվեն մի քանի տարբեր ռազմաբազաներից և քաղաքացիական օդանավակայաններից: Թռիչքային պատրաստության հիմնական շրջանը գտնվում է հարավային և կենտրոնական Շվեդիայում և գործում է շուրջօրյա՝ ապրիլի 24-ից մինչև մայիսի 11-ը:
Ինչպես Շվեդիայի ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է Սկարաբորգի գնդի մայոր Մարկուս Հեդը, զորավարժությունների հիմնական մասերից մեկը կլինի «ընդունող երկրի կողմից օգնության ստացումը, ինչպես նաև օտարերկրյա ստորաբաժանումների կողմից օժանդակությունը»: