Ամեն կերպ փորձում էին հասնել Գրիգորի Խաչատուրովի կալանավորմանը և վերջում որպես գործիք՝ օգտագործեցին Մեսրոպ Մակյանին. Միհրան Պողոսյան
Փաստաբան Միհրան Պողոսյանը ներկայացրել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի և նրան կալանավորելու որոշման կեղծ հիմքերը:
168.am-ի հետ զրույցում վերջինս թվարկել է, ըստ իրեն, բոլոր այն սուտ պնդումները, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գրիգորի Խաչատուրովի վարույթի վերաբերյալ ներկայացրել է Ազգային ժողովում (ԱԺ):
«Կեղծ պնդում՝ համար 1. Պաշտպանության նախարարությունը Գրիգորի Խաչատուրովին վաճառել է զորամաս: Այդ տեղեկությունը սուտ է: Նախ ՊՆ-ն Գրիգորի Խաչատուրովին որևէ բան չի վաճառել: Եվ 2-րդ՝ վաճառվածը զորամաս չի հանդիսացել երբևիցե, այլ եղել է ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող անշարժ գույք»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ նշված տարածքը ՊՆ-ն իր կարիքների համար վերջին անգամ օգտագործել է 1995-1996թթ., և այդտեղ երբևէ որևէ դասակ, մարտկոց կամ այլ զորամիավորում տեղակայված չի եղել, քանի որ գտնվել է սահմանին շատ մոտ, և բացառված էր, որ ՊՆ-ն հրաձգային զենքի ուղիղ նշանառության տակ տեղակայեր որևէ զորամաս:
Ըստ նրա՝ 2-րդ կեղծ պնդումն այն է, որ Գրիգորի Խաչատուրովը նշված տարածքի համար բանկից ստացել է 18 միլիոն դրամ գումար:
«Այս պնդումը ևս սուտ է, քանի որ 18 միլիոն դրամ վարկ այդ գույքի համար երբևիցե չի ստացվել: Այն երբեք չի հանդիսացել 18 միլիոն դրամի ապահովագրության միջոց»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ 3-րդ կեղծ պնդումը, որ արել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում, եղել է այն, որ նշված գույքը մինչ այժմ գրավադրված է:
«Երբ Գրիգորի Խաչատուրովը վաճառել է իր բնակարանը, մարել է իր վարկային պարտավորությունները, և լրացուցիչ գրավն ազատվել է գրավադրված լինելու հանգամանքից»,- ասաց նա:
Միհրան Պողոսյանը կարծում է՝ նման սուտ պնդումներով Գրիգորի Խաչատուրովին թիրախավորելու հիմք են փորձել ստեղծել:
Ըստ նրա՝ 4-րդ հանգամանքը, որը շատ կարևոր է Գրիգորի Խաչատուրովի գործի հետ կապված, վաղեմության ժամկետի շեմի՝ անցած լինելու հանգամանքն է:
«Այս գործով վաղեմության ժամկետը լրանում է 2024թ. հունվար ամսին: Այս պարագայում այս գործով դատավճիռ հրապարակելու համար ՀՀ եռաստիճան դատական համակարգն ունի ընդամենը 8 ամիս: Բացառված է, որ այս ծավալի, այս բարդության քրեական գործն անցնի եռաստիճան դատական համակարգով ու կայացվի վերջնական դատական ակտ: Եթե ինչ-որ կերպ այս գործով Գրիգորի Խաչատուրովը դատապարտվի ենթադրյալ մեղսագրված արարքի համար, նրա նկատմամբ պատիժ չի կարող սահմանվել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Իսկ առանց դրա անձին կալանքի տակ պահելը ոչ այլ ինչ է, քան առանց նպատակի անձի նկատմամբ պատժի իրականացում, ինչն արգելված է Եվրոպական կոնվենցիայով:
Ըստ փաստաբանի՝ սա չնշանակված պատժի տարրեր է պարունակում իր մեջ: Ամփոփելով՝ վերջինս նկատեց՝ կարևոր հանգամանքը, որ իրենց հիմք է տալիս պնդելու, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ իրականացվում է հետապնդում՝ անձնական վրեժով պայմանավորված, այս քրեական գործով անցնող անձանց կարգավիճակներն են:
«Այս քրեական գործով մոտ 13 մեղադրյալ կա: Կան անձինք, որ մեղադրվում են նույնական հանցագործությունների կատարման մեջ, ինչը մեղսագրված է Գրիգորի Խաչատուրովին, բայց որևէ մեկի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, ընտրված չէ, բացի Գրիգորի Խաչատուրովից: Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է միայն այն պատճառով, որ ինքը Գրիգորի Խաչատուրովն է: Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Մեսրոպ Մակյանի կողմից վերաքննիչ բողոքի հրապարակման օր էր նշանակվել մարտի 13-ը, սակայն 3 օր շարունակ որևէ տեղեկություն չկար՝ ինչ որոշում է կայացրել դատարանը: Երբ ուսումնասիրում ենք Մեսրոպ Մակյանի որոշումը, տեսնում ենք, որ դատավորը ստանձնել է լրացուցիչ դատախազի դերակատարումը: Այսինքն՝ սա գծագրված գործողությունների շղթա էր, որի արդյունքում ամեն կերպ փորձում էին հասնել Գրիգորի Խաչատուրովի կալանավորմանը և վերջում որպես գործիք օգտագործեցին Մեսրոպ Մակյանին և հասան կալանավորման»,- եզրափակեց Միհրան Պողոսյանը
Մանրամասները՝ տեսանյութում: