Իշխանություններն ունեն պլան և վախենում են, որ այդ պլանին կխանգարի Գրիգորի Խաչատուրովը. ոչ ոք գեներալի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբաններ

«Ինչպես գիտեք, արդեն իսկ հայտարարվել է Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ավարտ: Ողջ քրեական վարույթում որևէ տվյալ չկա, որ Գրիգորի Խաչատուրովը կատարել է հանցագործություն»,- Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին առնչվող քրեական վարույթի նախաքննության ավարտի, վերջինիս կալանավորման իրական նպատակների ու պատճառների, ինչպես նաև սույն գործընթացի հետագա փուլերի մասին տեղեկություններ հաղորդելու նպատակով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա հիշեցրեց՝ ինչպես Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ժամանակի զգալի մասը նվիրեց Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ կեղծիքներ և մանիպուլյացիաներ տարածելուն, նույնը կրկնվեց նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունն Ազգային ժողովում (ԱԺ) ներկայացնելու ժամանակ:

Ասվածը Միհրան Պողոսյանն ապացուցեց ներկայացված տեսանյութով, ապա կրկին ներկայացրեց որոշակի մանրամասներ՝ ինչպես քրեական վարույթի վերաբերյալ, այնպես էլ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստերի և կեղծիքների մասին: Ինչ վերաբերում է Գրիգորի Խաչատուրովի վարույթով դատական նիստին, Միհրան Պողոսյանն ասաց՝ դատավորը որոշել է նախնական դատական լսումներն անցկացնել դռնփակ:

«Հետաքրքիր է՝ դատավորը ո՞ր նորմին, ո՞ր իրավակարգավորմանը հղում տալով է որոշել, որ այս վարույթով նախնական դատալսումները պետք է գաղտնիության որևէ գրիֆով սահմանափակվեն: Մի հատ հարցրեք՝ պարոն Գրիգորյան, ինչո՞ւ եք որոշել սովորական դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով»,- ասաց փաստաբանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ դռնբաց դատական նիստում իրենց ասելիքը հասանելի կդառնար հանրության համար, ցույց կտրվեին այս վարույթով ողջ կեղծիքները:

«Այս ամենը դիտավորություն է, զուտ անձնական պրոցես է իրականացվում Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Մյուս պաշտպանը՝ Հակոբ Ենոքյանը, պնդեց՝ այս վարույթում իրավական կոմպոնենտ չկա:

«Մայիսի 16-ին կլինի 2 ամիս, որ Գրիգորի Խաչատուրովը կալանավորված է: Այս ընթացքում նախաքննական մարմինը չի կատարել Գրիգորի Խաչատուրովին վերաբերելի որևէ գործողություն, որի վրա գեներալը կարող էր անօրինական ազդեցություն ունենալ, խոչընդոտեր նախաքննությանը: Մեր ապացույցը հերքելով՝ Վերաքննիչ դատարանը կալանքի հիմք է ստեղծել: Առերեսում Գրիգորի Խաչատուրովի մասնակցությամբ տեղի չի ունեցել, չեն էլ պլանավորել»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Պաշտպանը նշեց՝ ոչ ոք Գրիգորի Խաչատուրովի դեմ ցուցմունք չի տվել, հետևաբար՝ ո՞ւմ վրա պետք է ազդեր գեներալ-մայորը:

«Մենք պնդում ենք, որ Գրիգորի Խաչատուրովին վերաբերելի դատական գործը պետք է քննվի դռնբաց: Թե ո՞նց կանեն, մեր խնդիրը չէ: Չեն ուզում հանրային խոսք լինի, հասկանում ենք: Բայց ես դատական նիստից հետո պարտադիր հրապարակելու եմ դատական նիստի ողջ նյութերը՝ Գրիգորի Խաչատուրովի խոսքը, մեր դիտարկումները: Այս իշխանությանը պետք է, որ Գրիգորի Խաչատուրովը լինի անազատության մեջ, ու դրա համար օգտագործում է գործիքներ՝ քննիչներին, դատախազությանը»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով՝ նրանք չգիտեն՝ ինչի են դա անում, սակայն ամեն ինչ շատ պարզ է. պատճառը 2020թ. Գրիգորի Խաչատուրովի կատարած հայտարարությունն է:

Նա հիշեցրեց՝ մարտի 13-ին հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալու, և էդ օրն էր նշանակված նաև Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցով նիստը:

«Ես ձեզ հավաստիացնում եմ՝ չի եղել դեպք, որ չկարողանանք ճշտել, թե դատավոր Մեսրոպ Մակյանի մոտ եղած որևէ գործով ինքն ինչ որոշում է կայացրել: 3 օր չէինք կարողանում ճշտել»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Վերջինս Գրիգորի Խաչատուրովի կալանավորման, նրան անազատության մեջ պահելու՝ իշխանությունների մղումը պայմանավորում է Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք «խաղաղության պայմանագրի» դրույթներով, համաձայն որի՝ թիրախում է հայտնվելու նաև Տավուշի մարզը:

Հիշեցնենք՝ իր հայտարարության մեջ Գրիգորի Խաչատուրովը մասնավորապես գրել էր. «Մենք վստահ ենք, որ հանձնելով հակառակորդի պահանջած տարածքները, ավելի ենք գրգռելու նրա ախորժակը։ Մեկը մյուսի հետևից կորցնելու ենք հայկական բնակավայրերը։ Կրակի տակ անպաշտպան ենք թողնելու սահմանամերձ համայնքների խաղաղ ազգաբնակչությանը և կորցնելու ենք հանձնված տարածքները վերադարձնելու ցանկացած հնարավորություն և հույս։ Ելնելով վերոգրյալից՝ Բանակային կորպուսը հաստատակամ է անսասան կանգնել զբաղեցրած բնագծերում, ոչ մի քայլ հետ սկզբունքով ամուր պահել մեր դիրքերը։ Անհրաժեշտության դեպքում հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել Տավուշյան սահմանագիծը»։

Միհրան Պողոսյանը նկատեց՝ իշխանություններն ունեն պլան և վախենում են, որ այդ պլանին կխանգարի Գրիգորի Խաչատուրովը:

«Գրիգորի Խաչատուրովը քաղաքական գործիչ չէ, նա ՀՀ Զինված ուժերի սպա է: Նրա դեմ հետապնդումը ես որակում եմ որպես անձնական հետապնդում՝ պայմանավորված նրա անձնական որակներով»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս