
Հայ պատգամավորները Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկել միջազգային գործընկերներին. եղել են արձագանքներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումից, հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում:
Նշվում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական հերթական սադրանքի առնչությամբ հայտարարություններ են տարածել միջազգային գործընկերները և կառույցների ներկայացուցիչները: