Փաշինյանի՝ ադրբեջանցի հանցագործ, սահմանախախտ զինծառայողներին անմեղ մոլորյալներ ներկայացնելու խասյաթի մասին
Ապրիլի 12-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների՝ Հայաստանում հայտնվելու դեպքին, և, մասնավորապես, երկրորդ ադրբեջանցուն, որին գտնել օրեր շարունակ չէր հաջողվում ուժային կառույցներին, ասել էր.
«Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»:
Փաշինյանի այս հայտարարությունից մեկ օր հետո՝ ապրիլի 13-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Դրանից առաջ արդեն մամուլում վարկածներ էին շրջանառվել, որ ապրիլի 12-ին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության կատարողը հենց այդ ադրբեջանցի զինվորականն է:
Ստացվում է՝ կամ Նիկոլ Փաշինյանը դիտմամբ ստել է, կամ նրան դարձյալ համապատասխան կառույցները սխալ տեղեկություն են տվել: Մյուս կողմից՝ առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի զինծառայողներին մոլորյալ է հռչակում, կամ փորձում նրանց արարքներում «անմեղ» մոտիվացիա գտնել:
Հիշենք հուլիսյան մարտերի օրերին՝ 2020 թվականի հուլիսի 13-ի Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյան-Դավիթ Տոնոյան հարցուպատասխանը:
Նիկոլ Փաշինյան– Պարոն Տոնոյան, ի՞նչ տեղեկություն կարող եք հայտնել, ի՞նչ է տեղի ունեցել երեկ, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր, հիմա»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան- Երեկ ժամը 12:30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը: Կրկնում եմ, և դա շատ կարևոր է, որպեսզի բոլորը իմանան, որ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի վրա:
Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ. հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով,՝ կոչ են անում լքել տարածքը, որը և իրականացվում է:
Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով:
Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է: Մինչ այժմ, պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսվում է, որի դադարը եղել է գիշերը ժամը 03:30-ից մինչև 05:30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ:
Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պաշտպանությունը: Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է:
Նիկոլ Փաշինյան– Այսինքն՝ տպավորություն ստացվեց, որ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել, և հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան– Պարոն վարչապետ, եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն:
Այս համատեքստում հավելենք, որ 2021 թվականին նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հանդեպ իր ունեցած վստահությանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, իր ասածները երբեք կասկածի տակ չեմ առել: Երբ ինքը նշանակված էր, հուլիսյան պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասեց, որ սենց դրվագ է եղել, ինքը սխալ է զեկուցել, ես ասացի` բացառված է, չեմ հավատում, որ սխալ բան զեկուցած լինի…»:
Թե ինչ դրվագի մասին էր խոսքը, հուսանք՝ մի օր կիմանանք, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ գտել և գտնելու է արդարացում՝ սխալ են զեկուցել, և ոչ թե այն, որ ինքը պարզապես չի տիրապետել և չի տիրապետում իրավիճակին, նույնը եղել է նաև պատերազմ սկսելու մասին իմանալ-չիմանալու հետ կապված, որ իբր համապատասխան մարմիններն իրեն մտափոխել են, թե պատերազմի հավանականություն չկար: Ըստ այդմ՝ չի բացառվում, որ Սիսիան մտած և հնարավոր է՝ սպանություն գործած ադրբեջանցու հետ կապված նույնը լսենք՝ իրեն զեկուցել են, որ փոշմանել, վերադարձել է…
Այսքանից հետո ինչպես հավատալ, որ Տեղ գյուղի հետ կապված Նիկոլ Փաշինյանը հանձնարարություններ է տվել, իսկ ուժային կառույցները չեն կատարել, կամ թերացել են: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա դրա պատասխանատվությունը դարձյալ Փաշինյանն է կրում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանից հետ չի մնում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը հակված է ենթադրել, որ ադրբեջանցի զինծառայողները փախել են իրենց բանակում տիրող վատ պայմաններից և հակված չեն եղել հանցագործության: Այո, Ադրբեջանի բանակում իրականում ամեն ինչ այնքան լավ չի, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի ղեկավարությունը, այո, մինչև հանցագործությունը չապացուցվի, չի կարելի պնդել, բայց մի քիչ շատ չե՞նք ադրբեջանցի զինվորներին «անմեղ» ներկայացնում: Փոխարենը՝համոզված պնդում ենք , որ մեր զինվորները «շատ դեպքերում չեն մոլորվում, այլ շատ դեպքերում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ լքում են զորամասը և գնում են, հետո փորձ են անում այդ ճանապարհով հայտնվել 3-րդ երկրում»: