Նիկոլի ստրուկներ, մի՛ փորձեք մեզ շեղել. մենք այն ծնողներն ենք, որ երբեք չենք վաճառվել. զոհվածի մայր
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երեկ ժամը 15:00-ից նստացույց են հայտարարել Քննչական կոմիտեի շենքի դիմաց և գիշերն այնտեղ են մնացել:
Նրանք պահանջում էին, որպեսզի 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց նկատմամբ բիրտ ուժ կիրառած և բերման ենթարկած ոստիկաններին պատասխանատվության ենթարկեն:
Այսօր 15:00-ին լրանում է ՔԿ-ին տված ժամկետը, որից հետո ծնողները հայտարարությամբ են հանդես գալու, ներկայացնելու իրենց հետագա քայլերը:
Չնայած նրան, որ զոհված զինծառայողների ծնողները բազմիցս հայտարարել են, որ իրենց ակցիաներն ուղղորդված չեն, քաղաքական բնույթ չեն կրում, իշխանական թևը հերթական անգամ ծնողներին կապել է «նախկինների» հետ:
Մասնավորապես, իշխանական լրատվամիջոցներից մեկն այսօր հոդված է հրապարակել՝ նշելով, թե իբր ծնողների մի մասը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից և նրա անունից ստացել է 15-30 միլիոն դրամ և բնակարաններ նորակառույցներում։ Լրատվամիջոցը նաև մի քանի ծնողի անուններ հրապարակելով՝ նշել է, թե որ ծնողը որքան գումար է ստացել:
Քննչական կոմիտեի շենքի դիմաց իրենց նստացույցը շարունակող ծնողներն արձագանքել են իշխանական լրատվամիջոցի այս հրապարակմանը:
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի անունը ևս ներառված էր վերը նշված հոդվածի ցանկում, և նա լրագրողների հետ զրույցում ասաց.
«Դա ՔՊ-ի, նիկոլական վիժվածքների լրատվամիջոց է, դրանց հետ կապված, անկեղծ, չեմ ուզում բան պատասխանել, քանի որ նման բան չկա: Ես իմ խղճի առաջ մաքուր եմ, մեր ծնողական համայնքն էլ գիտի, որ այստեղ գտնվող, պայքարող ծնողների մեջ նման բան չկա ու չի կարող լինել: Ինքս Քոչարյանին այսքան հեռավորությունից չեմ տեսել ու իր գրասենյակի տեղն էլ չգիտեմ:
Երկրում թուրքական իշխանություն է, բա ուրիշ ի՞նչ ձև պետք է մեզ մեղադրեն, ուրիշ ի՞նչ ձև պետք է փորձեն իրենց տասնյակ-հազարավոր սպանությունները թաքցնել, քողարկել, առանց վատ զգալու, տականքավարի ծնողներին մեղադրել, փորձել սարքել, որ վաճառվել են: Իրե՛նք են վաճառված, որ երկիրը վաճառել են, իրենք վաճառվել են, փորձում են ծնողներին ասել՝ վաճառված, գլուխները պատին են տալիս…»:
Զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ու նրա մասին կեղծ ու չփաստարկված տեղեկությունները ևս ցուցակում ներառված են: Մասնավորապես գրել են, թե զոհվածի հայրը սպասում է բնակարանի ձեռքբերմանը:
«Ամո՛թ դրանց, ես ուղղակի չեմ հասկանում, թե այդ սրիկաներն ի՞նչ են ուզում մեզանից, սրանք ուղղակի մեր ուշադրությունը շեղելու համար են այս ամենը անում: Մենք այն ծնողների տեսակն ենք, որոնք մինչև իրենց կյանքի վերջն ապրելու են ու պայքարելու են էս սրիկաների դեմ, սրանք ուզում են, որ այս ազգը վերանա, իսկ մենք պայքարում ենք, որ հազարամյա պատմություն ունեցող մեր ազգը մնա»,- ասաց Վահիդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում, ապա անդրադարձավ իր մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկությանը.
«Ինչ վերաբերում է բնակարան առնելուն, էդ բնակարանը 3 սենյականո՞ց է, թե՞ 4, ես կոխեմ էդ սուտ ասողների աչքը: Բա կարելի՞ է մարդուն նման ձևով զրպարտել, ցավի տեր մարդիկ ենք, այ սրիկաներ: Կգա՛ք, այդ բնակարանը ես ձեզ կնվիրեմ, ինձ որևէ ողորմություն պետք չէ որևէ մեկից, ես ուզում եմ իմ տղայի չլինելու հանգամանքները պարզեմ»:
Վահիդ Սահակյանը Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից էր, պատերազմի ժամանակ որդուն և հայրենի տունը կորցնելուց հետոո տեղափոխվել է Երևան, Արցախի Կառավարության տրամադրած գումարով, ինչպես նաև որդու զոհվելու համար տրամադրված գումարով Երևանում հիփոթեքով բնակարան է ձեռք բերել:
«Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, այն մարդիկ, որոնք կորցրել են տուն-տեղ, և ընտանիքի անդամներից մեկը հուղարկավորված է Հայաստանի Հանրապետության որևէ սրբավայրում, օժանդակության կարգով ԱՀ կառավարության կողմից տրամադրվել է 22 միլիոն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար, ես նախընտրել եմ՝ Երևանում: Բացի այդ, իմ տղայի արյան փողը, որը կազմել է 14 միլիոն դրամ, գումարել եմ 22 միլիոն դրամին, 85.000 դոլար տվել եմ տան տիրոջը… Ես իմ տղայի արյան գնով եմ ձեռք բերել այդ բնակարանը…»:
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որի անունն այդ ցուցակում չկա, ասաց.
«Մեր ծնողներն այն ծնողներն են, որ երբեք չեն վաճառվել, ու դուք՝ Նիկոլի զոմբիներ, Նիկոլի ֆեյքեր, Նիկոլի ստրուկնե՛ր, ուղղակի մի փորձեք մեզ շեղել մեր հիմնական խնդրից…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում