Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին կոչ է արել զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները
Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների վրա հարձակվելու դեպքի մասին։
Կոնջորյանը նրանց կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները։
«Որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին։
Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, նամակով դիմել եմ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին։
Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, նամակով դիմել եմ Կիպրոսի գործընկերոջս` Հարիս Գյորգեադեսին։
Մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի և ոտնձգության վերաբերյալ: Ներկայացրել եմ փաստեր ադրբեջանցիների ապօրինությունների և հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Կոչ եմ արել գործընկերներիս` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում»,- հայտնել է Կոնջորյանը։