Բաժիններ՝

Միջերկրական ծովում 20-ից ավելի միգրանտ է խեղդվել

Մեկ գիշերվա ընթացքում Միջերկրական ծովում զոհվել է առնվազն 23 ներգաղթյալ, որոնք ապրիլի 9-ին ուղևորվում էին Եվրամիության երկրներ: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Գերմանական իրավապաշտպան RESQSHIP ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ կազմակերպության աշխատակիցները ծովում հայտնաբերել են 25 մարդու, որոնց նավը խորտակվել էր։ Հայտնաբերման պահին նրանք ծովում էին անցկացրել արդեն մի քանի ժամ։

«Ե՞րբ կավարտվի այս ամենը: Որքա՞ն կարելի է ուրիշ կողմ նայել, քաղաքական գործիչները դեռ որքա՞ն են պատրաստվում այս խաղը խաղալ: Խոսքը մարդկանց կյանքի մասին է», – Twitter-ում գրել են RESQSHIP-ի ներկայացուցիչները։

Միևնույն ժամանակ մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն՝ Alarm Phone-ը, հաղորդում է, որ 400 միգրանտների տեղափոխող մեկ այլ նավ ծովում աղետի է ենթարկվում. վառելիքը վերջացել է, նավը կամաց-կամաց լցվում է ջրով, իսկ նավապետը լքել է այն։ Նավը դրեյֆում է Մալթայի ջրերում, սակայն Մալթայի իշխանությունները չեն շտապում օգնության հասնել, և ոչ մի երկիր չի համաձայնել ընդունել նավը։

Ըստ Reuters գործակալության՝ 2023 թ.-ի սկզբից ի վեր ավելի քան 28 հազար միգրանտ է հասել Իտալիա՝ հատելով Միջերկրական ծովը։ Ամբողջ 2022 թ.-ին նրանց թիվը եղել է ընդամենը 6800։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս