Իրանի ԱԳՆ ղեկավարը Բայրամովի հետ հեռախոսազրույցներում անդրադարձել է Իսրայելին
Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շաբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բաքվի ու Թեհրանի միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային այլ հարցեր, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարներ Հուսեյն Ամիր Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը երկփուլ հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկել են Բաքվի ու Թեհրանի միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային այլ հարցեր, նշում է ԶԼՄ-ն։
«Այս անկեղծ ու թափանցիկ բանակցությունների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրիմացությունները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը հաղթահարելու որոշումներ, կարծիքներ են ուսումնասիրվել, որոնց ժամանակ կողմերն ընդգծել են բարիդրացիությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության հանդեպ իրենց փոխադարձ հարգանքը»։
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության ու առաջընթացի դեմ սիոնիստական ռեժիմի դավադրությանը՝ Ամիր Աբդոլահիանն ասել է․ «Միայն թշնամիներն են օգուտ քաղում տարածաշրջանի երկրների միջև եղած տարաձայնություններից»։
Հեռախոսազրույցի ժամանակ նաև ուշադրության է առնվել զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը երկու երկրների շահերին առավել համապատասխան կառավարելու անհրաժեշտությունը, ասվում է հաղորդման մեջ։