
Ադրբեջանը 2 օրում Հայաստանին պատճառել է 817 միլիոն դրամի վնաս

Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում հարյուրավոր միլիոնների վնաս են կրել նաև ռազմական գործողությունների տեղանքում աշխատող կապալառու ընկերությունները։
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների կապալային աշխատանքները կատարելու համար ներգրավված գույքին հակառակորդը հսկայական վնաս է հասցրել։
Խոսքը 19 տրանսպորտային միջոցի մասին է, որոնց հասցված վնասը գնահատվել է 817.300.000 ՀՀ դրամ։
Պաշտպանության նախարարությունը դիմել է Կառավարությանը՝ խնդրելով 2023 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և հատկացնել համապատասխան 817 միլիոն 300 հազար դրամը՝ որպես վնասի փոխհատուցում։
Ֆինանսների նախարարությունից, սակայն, հայտնել են, թե 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է, և առաջարկել են փոխհատուցման նպատակով որպես ֆինանսավորման աղբյուր դիտարկել Պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցները։
Ֆինանսների նախարարության այս առաջարկը Պաշտպանության նախարարությունը չի ընդունել, և անհրաժեշտ 817 միլիոն դրամը հատկացվել է բյուջեից։