Վրաստանում տեխզննում չանցած մեքենաների տուգանքներն ավելանում են
Վրաստանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունները, որոնք վերաբերում են առանց տեխզննման տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքներին, ուժի մեջ կմտնեն 2023 թվականի հունիսի 4-ից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Գործող օրենսգրքի համաձայն.
- պարբերական տեխզննում չանցած տրանսպորտային միջոց վարելը հանգեցնում է 50 լարի տուգանքի,
- սահմանված կանոններով պարբերական տեխզննում չանցած տրանսպորտային միջոցն այլ անձի հանձնելու դեպքում ֆիզիկական անձի համար տուգանքը կկազմի 50, իրավաբանական անձի համար՝ 200 լարիի:
Գործող օրենսգիրքը տուգանք չի նախատեսում նշված իրավախախտումը կրկնելու դեպքում։
Նոր փոփոխությամբ հենց այդպիսի պատժամիջոց է սահմանվել: Մասնավորապես, եթե անձը, որը մեկ անգամ տուգանվել է սահմանված կարգով տեխզննում անցնելու պարտավորությունը չկատարելու կամ տեխզննում չանցած ավտոտրանսպորտային միջոցը վարելու կամ շահագործելու համար այլ անձի փոխանցելու համար, և այս տուգանքից 30 օր հետո նա կկրկնի նույն գործողությունը.
- ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիով,
- իրավաբանական անձը կտուգանվի 300 լարիով:
Եթե անձը 30 օրը մեկ կրկնվող տուգանքներից հետո կրկին խախտում է կանոնը, այս դեպքում.
- ֆիզիկական անձը կտուգանվի 300 լարիով,
- իրավաբանական անձը՝ 500 լարիով:
Եթե անձը տուգանվում է 300 կամ 500 լարիով, իսկ տուգանքից 30 օր հետո նա կրկին կատարում է նմանատիպ իրավախախտում, այս դեպքում.
- ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով,
- իրավաբանական անձը՝ 700 լարիով:
Նոր փոփոխությունները հրապարակվել են 2023 թվականի ապրիլի 5-ին, ուստի դրանք ուժի մեջ կմտնեն նույն թվականի հունիսի 4-ից։