ՆԱՏՕ-ն առայժմ չի փոխի ուժերի դասավորվածությունը Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման պատճառով. Բլինքեն

Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին Մոսկվայի հայտարարություններից հետո ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանի գործողություններին: Այնուամենայնիվ, դաշինքն առայժմ չի ծրագրում փոխել իր ուժերի տեղակայումը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ն միշտ կձեռնարկի գործողություններ, որոնք նպատակահարմար կգտնի դաշինքի տարածքի պաշտպանության և անդամների անվտանգության ապահովման համար: Ես չեմ պատրաստվում այստեղ ելույթ ունենալ և ասել, թե դաշինքն ինչ է անելու կամ ինչ չի անելու»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարձագանքի Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը:

«Կարող եմ ասել այն, որ մենք շատ ուշադիր հետևում ենք, թե ինչպես է գործում Ռուսաստանը: Բայց այս պահին մենք որևէ պատճառ չենք տեսնում մեր ուժերի դասավորվածությունը փոխելու համար», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Մինսկի խնդրանքով մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում, ինչպես ԱՄՆ-ն վաղուց անում է դաշնակից երկրների տարածքում։ Պուտինը հայտարարել էր, որ ռուսական կողմն արդեն օգնում է բելառուս գործընկերներին վերասարքավորել իրենց ինքնաթիռները, ինչպես նաև հանրապետությանն է հանձնել «Իսկանդեր» համալիր, որը կարող է մարտավարական միջուկային զենք կրել:

Տեսանյութեր

Լրահոս