«Տաֆտալոգիա և պատմական խայտառակություն-2»՝ գրությունս չեն ուղարկել Գլխավոր դատախազին». Թագուհի Թովմասյան
Այսօր խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը լրագրողներին ներկայացրեց, թե ապրիլի 4-ին հանձնաժողովում ընդդիմության առաջադրած ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցածի առնչությամբ Գլխավոր դատախազին ուղղված իր դիմումն ինչ ճակատագիր է ունեցել:
«Ես այսօրվա մեր այս զրույցը պիտի «պատմական խայտառակություն-2» որակեմ։ Ինքս արդեն 1,7 ամիս ընտրվել եմ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ամեն օր պետական տարբեր հաստատություններ գրություններ եմ ուղարկում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Երեկ գրություն եմ ուղարկել Գլխավոր դատախազին՝ մի քաղաքացու իրավունքների խախտումների վերաբերյալ, որին օպերատիվ արձագանքել են։
Ինքս միշտ գրության բլանկի վրա գրում եմ գրությունս և վերջում գրում՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան։ Երեկ նույն ձևով գրել եմ գրություն, մուտքագրել ենք Դատախազության ընդհանուր բաժին, որտեղ 7 էջ շարադրված է, թե ինչպիսի ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ապրիլի 4-ին կայացած հանձնաժողովի ընթացքում։ Այսօր գալիս եմ, պարզվում է՝ նամակը չի գնացել, հետաքրքրվում եմ, թե ինչն է պատճառը, ԱԺ աշխատակազմից ասում են, թե՝ բա գիտե՞ք, մենք մինչև հիմա չգիտեինք, որ հանձնաժողովի նախագահը բլանկ չունի»,- տեղեկացրեց Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորին փոխանցել են, որ պետք է հանձնաժողովի նախագահի անունով բլանկ սարքեն, որպեսզի հենց այդ բլանկով ուղարկվի գրությունը։
«Ասում են՝ եթե գրությունը հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պիտի հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն։ Այսինքն՝ ստացվում է, որ հիմա ես սա պիտի ուղարկեմ ՔՊ-ին, որ իրենց խմբակցությունից 4 պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժենք՝ տաֆտալոգիա»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում