
Փրկարար ծառայությունում կներդրվի կամավոր ատեստավորման համակարգ

Ներքին գործերի նախարարարությունն առաջարկում է փրկարար ծառայությունում ներդնել կամավոր ատեստավորման համակարգ։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Նախագիծը տրամաբանական շարունակությունն է ոստիկանության ծառայողների կամավոր ատեստավորման նոր համակարգի և այս դեպքում Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գործող երկրորդ կարևոր ծառայության՝ փրկարար ծառայության ծառայողների ատեստավորման նոր համակարգի մասին է։
Ատեստավորումը հիմնականում երկու նպատակ է հետապնդում՝ ստուգել տվյալ պաշտոնին անձի համապատասխանության հարցը և դրա արդյունքում հաշվարկել հավելավճար, որը կբարձրացնի մեր ծառայողների սոցիալական երաշխիքները, կընդլայնի դրանց շրջանակը և, ըստ այդմ, կնպաստի նաև փրկրարար ծառայությունում միայն որակյալ, բանիմաց և բարեվարք կադրեր թողնելու մեր քաղաքականության հստակ իրականացմանը»,- ասաց Սարգսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ փրկարար ծառայության բոլոր պաշտոնները ենթարկվելու են ատեստավորման, իսկ բացառություն է նախատեսված միայն ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ծառայություն իրականացնող փրկրար ծառայողների համար։
« Փրկարար ծառայողները հնարավորություն կունենան երեք տարվա ընթացքում փորձել հաղթահարել ատեստավորումը և երրորդ տարվա ավարտին կամ ընթացքում, եթե նրանք ատեստավորումը հաջող անցնեն, կֆիքսվի հավելավճար և կվճարվի մեր ծառայողներին։ Երեք տարվա ընթացքում երեք հնարավորություն ունեն մեր ծառայողները անցնելու ատեստավորումը»,- նշեց Սարգսյանը։
Փոխնախարարը հավելեց՝ այն փրկարար ծառայողները, որոնք չեն կարողանա հաղթահարել շեմը, երրորդ տարվա ավարտին կազատվեն զբաղեցրած պաշտոնից և փրկարար ծառայությունից։