Կառավարությունը գումար է հատկացրել Գյումրու դրամատիկական թատրոնի պատուհանների փոխարինման համար
Կառավարության որոշմամբ 34 մլն 677 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի արտաքին պատուհանների փոխարինման աշխատանքներն իրականացնելու համար։ Թատրոնի պատուհանները վթարային վիճակում են, ինչը ոչ միայն անվտանգության, այլ նաև ջեռուցման խնդիրների առաջ էր կանգնեցրել թատրոնին: «Շատ երկար ժամանակահատված այս խնդրի մասին խոսել ենք, բայց լուծում չկար։ Նազելի Բաղդասարյանը մարզպետ նշանակվելուն պես այն համարեց իր առաջնային խնդիրը։ Հուրախություն մեզ, այսօր իրականություն դարձավ, սա ամենամեծ նվերն է թատրոնին։ Նազելի Բաղդասարյանի հոգատար վերաբերմունքի շնորհիվ եղավ այս ամենը, գործը շարունակեց ներկայիս մարզպետը»,- լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ նշեց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, տեղեկացնելով, որ պատուհանների խնդիր հետ միասին, լուրջ խնդիր է նաև Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը 2016 թվականին տեղափոխվել էր թատրոն:
Նշենք, որ երկար տարիներ որմնանկարը գտնվում էր Գյումրու «Քարհատմեքենա» գործարանի տարածքում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո «Սարերում» որմնանկարը մասնակի վնասվել էր: Վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: ՀՀ կառավարության որոշմամբ 2016 թ. որմնանկարն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որտեղ որմնանկարի պահպանության համար պատշաճ պայմաններ չլինելու պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերջինս թատրոնից տեղափոխել մեկ այլ՝ ավելի բարենպաստ վայր:
Որմնանկարի տեղափոխության հարցը քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում: Թատրոնի տնօրենը Լյուդվիգ Հարությունյանը հուսով է, որ մինչ նոր պատուհանների տեղադրումը կլուծվի որմնանկարի տեղափոխոթյան հարցը: «Հակոբ Հակոբյանի որմնանկարը շատ կարևոր ազգային արժեք է, որը վթարային վիճակում է, այն պիտի իր արժանի տեղը գտնի։ Որմնանկարը հիմա ոչ միայն փակում է թատրոնի լուսավորությունը, այլ ինքն ունի պահպանության անհրաժեշտություն»,-հավելեց տնօրենը:
Արմենուհի Մխոյան