«Նվիրիր կարդալու րոպեներ»․ նոր նախագիծ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման համար
Մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթության, վերջիններիս սոցիալիզացման, և ներառականության ապահովման նպատակով մեկնարկում է նոր նախագիծ։
Ծրագիրն իրականացնում է «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը՝ գործընկեր կազմակերպությունների` HSBC Հայաստանի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի, Իդրամ ընկերության, Դիջիթեյն ընկերության, Adobe-ի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի իրականացմանն աջակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները։
Ապրիլի 6-ին երևանյան «ԼՈՖԹ» կենտրոնում տրվեց «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի մեկնարկը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի և «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն, «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Համբարձումյանի, ինչպես նաև ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերած նվիրատու ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ։ Երկու նախարարությունների եւ «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպության միջև վավերացվեց ծրագրի իրականացման համար նախատեսված փոխըմբռնման եռակողմ հուշագիրը։
«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագծի իրագործումը «ԼՈՖԹ» ՀԿ-ն սկսելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայումս անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։ Նախագծի իրագործման առաջին տարվա ընթացքում Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից շուրջ 1000 աշակերտ դոնոր կառույցների ֆինանսական աջակցության արդյունքում կստանա դեպոզիտային նվեր-քարտեր՝ Վանաձորի «ԼՈՖԹ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասկակիցների հետ մեկ տարածքում շփվելու, տարաբնույթ իրադարձությունների մասնակցելու և կենտրոնի հնարավորություններից օգտվելու համար։ Ծրագրի ամբողջական իրագործման համար նվիրատվությունների շեմը նախատեսվում է հատել 36 մլն դրամը։
«Երեխան, գտնվելով նորարակական, տեխնիկապես հագեցած, հարմարավետ ու ապահով միջավայրում, կկարողանա իր ժամանակն օգտագործել ինքնակրթվելու, զարգանալու, իր հասակակիցների հետ շփվելու համար, ինչպես նաև հնարավորություն կստանա միջավայրում ցուցաբերել իր տաղանդն ու ունակությունները։ Մեր նպատակն է նախագծի միջոցով խթանել ընթերցանությունը, պատանիների և երիտասարդների շրջանում ամրացնել միջանձնային շփումները, մարզային կյանքի հետաքրքրության և բովանդակային որակը բարձրացնել նոր մակարդակի, նպաստել երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Այս առաքելության իրագործման համար նախագծին միացել են խոշոր ընկերություններ՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, որի համար շնորհակալ ենք։ Կարծում եմ՝ ծրագրի իրագործման փուլում գործընկերային հարաբերությունների շրջանակը մեծանելու է այնքան, որ 5000-ից ավելի աշակերտ հնարավորություն ունենա օգտվելու ծրագրի հնարավորություններից»,-նշում է «ԼՈՖԹ» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Արևիկ Համբարձումյանը, ով սեփական փորձով գիտի, թե որքան բարդ է կյանքը մարզերում, և, որքան կարևոր է փոփոխություններ իրականացնել հենց ապակենտրոնացվան ձևաչափով՝ ի նպաստ մարզաբնակ երիտասարդների և պատանիների ինքնազարգացման։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում նշեց․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է գործընկեր գերատեսչությունների հետ ոլորտային արդյունավետ համագործակցությունն ու այս նպատակով ստորագրված հուշագրերի դերը։ Մեզ համար առավել քան կարևոր է, որ այդ փաստաթղթերը չլինեն լոկ հուշագրեր, այլ դրանցում սահմանված յուրաքանչյուր նպատակ ու ուղղություն ցանկալի վերջնարդյունք ունենա։ Ցանկացած համագործակցության ամենաշոշափելի արդյունքը քաղաքացիների կարողությունների զարգացումն է։ Անչափ կարևոր է, որ նրանց փոխանցես մի բան, որը համագործակցության փաստաթղթի ժամկետը լրանալուց հետո էլ մնա իրենց հետ և նպաստի մասնագիտական հմտությունների զարգացմանն ու նրանց կյանքի որակի բարձրացմանը։ Մաղթում եմ բարի ընթացք այս համագործակցությանը։ Վստահ եմ՝ երեխաներն արդյունավետ կօգտագործեն իրենց տրված հնարավորությունն ու «Նվիրիր կարդալու րոպեներ»-ի արդյունքը բոլորիս համար շոշոփելի ու տեսանելի կլինի արդեն մոտ ապագայում»։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց նախաձեռնության իրականացումը։ «Պետք է ասել, որ Վանաձորի «Լոֆթը» մեր համատեղ նախաձեռնությունն է, և ԿԳՄՍ մարզերում վարում է երիտասարդական միջավայրերի ակտիվացման քաղաքականություն, ինչպես նաև երիտասարդական միջոցառումների ակտիվացման ուղղությամբ քայլեր իրականացնում։ Մեզ համար շատ կարևոր է, որ նման նախաձեռնությունները չլինեն միայն պետության կողմից իրականացվող աշխատանք, հակառակ դեպքում մենք չենք ունենա ցանկալի արդյունքը։ Կարևորում եմ, որ այս համատեղ նախաձեռնությունը զարգանում է, և մենք գնալու ենք դեպի ավելի մեծ ներառականություն։ Շարունակական պրոցես է լինելու, և մենք կարողանալու ենք էլ ավելի երեխաներ ընդգրկել նախագծում։ Հույս ունեմ, որ կկարողանանք այս ամենը կիրառել նաև այլ կենտրոնների պարագայում։ Ամբողջությամբ աջակցելու ենք կրթամշակութային ծրագրերի իրականացման մասով, մեծ անելիք ունենք»,-նշեց նա։
«Կրթական ուղղվածություն ունեցող ծրագրերը HSBC Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության առաջնահերթություններից են: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերում իրականացվող ծրագրերին, քանի որ վստահ ենք, որ մարզերում բարեկեցության ապահովումը կարևոր նախապայման է երկրում համաչափ և կայուն զարգացում ունենալու համար: Պայմաններ ստեղծելով, որպեսզի Վանաձորի երեխաներն ազատ ժամանակն անցկացնեն արդյունավետ` զբաղվելով ընթերցանությամբ, մենք կկարողանանք մեր ներդրումն ունենալ տեղի բնակիչների բարեկեցիկ և կայուն ապագայի կառուցման գործում»,- նշում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
«Ուրախ ենք, որ «Նվիրիր կարդալու րոպեներ» սոցիալ-կրթական ծրագրին մեր մասնակցությամբ նպաստում ենք ծրագրի ապակենտրոնացմանը և հնարավորություն ենք ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին մուտք գործել Վանաձորում տեղակայված նորարարական, տեխնիկապես և ծրագրային հագեցած «Լոֆթ» տարածք։ Մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալական կարգավիճակից, պետք է ունենա կրթվելու և զարգանալու հնարավորություն»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ համագործակցության արդյունքում երեխաները հնարավորություն ունեն մեկ տարվա ընթացքում ոչ միայն անվճար մուտք գործել վանաձորյան «ԼՈՖԹ» կենտրոնի սրահ և ընթերցել սիրելի գրքերը, մասնակցել միջոցառումների, վայելել ինտելեկտուալ խաղերը, դիտել թեմատիկ ֆիլմեր, այլ նաև կմասնակցեն տարաբնույթ սեմինարների: «Մենք մեր թիմով ևս պատրաստակամություն ենք հայտնել մասնակիցը լինել սեմինարների կազմակերպմանը. այսինքն մեր աշխատակիցները կայցելեն Լոֆթ Վանաձոր և ֆինանասական գրագիտության դասեր կանցկացնեն երեխաների համար: Իսկ առհասարակ մեզ համար մեծ կարևորություն ունի մարզաբնակ երեխաների ինքնակրթությունը, սոցիալիզացումը, և հենց այդ նպատակով տարաբնույթ միջոցառումների մասնակցության, ընթերցանության միջոցով փորձում ենք մեր գործընկերոջ հետ միասին ավելի բազմազան հնարավորություններ տալ մարզաբնակ երեխաներին»,-նշել է նա:
«Ուրախ եմ Դիջիթեյն ընկերության անունից հայտնել, որ սիրով միանում ենք «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպության նախաձեռնությանը՝ «Նվիրի՛ր կարդալու րոպեներ» ծրագրին, որը հրաշալի հնարավորություն կընձեռի մարզաբնակ երիտասարդներին ինքնազարգանալու և հաղորդակցման նոր միջավայր ու եզրեր գտնելու։ Լինելով Հայաստանում առաջատար ՏՏ ընկերություններից մեկը՝ Դիջիթեյնն իր պարտքն է համարում տարբեր ներքին և գործընկերային նախաձեռնությունների միջոցով նպաստել մեր երկրի և հատկապես մարզերի զարգացմանը: Ուստի նման նախաձեռնությանն օժանդակելուց անմասն մնալ չէինք կարող։ Լիահույս ենք, որ այս ծրագրի շրջանակներում Վանաձորի երիտասարդությունը զբաղվածության և ինտելեկտուալ ժամանցի յուրահատուկ, ավելի արդի ու հարմարվետ փորձառություն կունենա, և այստեղ ձեռք բերած գիտելիքները, շփումն ու փորձը կօգնեն նրանց իրենց կրթութայն ու զարգացման հետագա ճանապարհին»,-նշում է Դիջիթեյն ընկերության հաղորդակցության պատասխանատու Ասյա Մխիթարյանը։
«Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և մարզերի համաչափ զարգացումը՝ Adobe-ը չէր կարող անմասն մնալ այս կարևոր նախաձեռնությունից։ Մենք նվիրված ենք ապագայի մեջ ներդրումներ անելու առաքելությանը, և «Նվիրի՛ր կարդալու րոպեներ» նախաձեռնությունը մեզ համար համայնքների ներառական զարգացման արժեք ունի։ Ուրախ ենք, որ կարողացել ենք մեր փոքրիկ ներդրումը ունենալ Վանաձորի պատանիների առօրյան ավելի բովանդակալից դարձնելու հարցում։ Մեծ ոգեշնչմամբ սպասում ենք նախագծի մեկնարկին և արդյունքներին»,-նշում է Adobe-ի Բիզնես գործառնությունների ղեկավար Տաթևիկ Չիլինգարյանը։
«Նվիրի՛ր կարդալու րոպեներ»-ի իրագործման շնորհիվ առանձնապես շեշտադրվելու է սոցիալական արդարությունը`միտում ունենալով մեկ միասնական հարթակում ներգրավելու բոլոր այն երեխաներին, ովքեր ֆինանսական կամ այլ խնդիրների պատճառով ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթություն ստանալու համար միջավայրային հատուկ պայմաններ գրեթե չունեն։