Բաժիններ՝

Միջազգային փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանը կարող է դիրքավորվել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն

Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ։ Այս մասին ապրիլի 5-ին «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ին լրագրողների հետ զրույցում ասաց թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները:

Ըստ նրա՝ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում, և շատ կարևոր է փոխակերպման և թվայնացման այս ընկալումը Հայաստան բերելը:

«Դրա համար երկու պատճառ կա. նախ, եթե այս տարածաշրջանի երկրները չներգրավվեն թվայնացման և փոխակերպման մեջ, նրանք կկորցնեն տնտեսության մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրներից հետ կմնան: Երկրորդը, տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինթեքի հիմնական հաբ»,-ասաց նա:

Սքիները չափազանց կարևոր համարեց, որ բանկերը, երկրի ղեկավարությունը ստանձնեն փոխակերպումն իրականացնելու առաջնորդությունը։

«Եթե ֆինանսական հաստատության ղեկավարությունը չի ընկալում դա, ապա դա տեղի չի ունենալու: Ոչ միայն բանկի, այլ նաև երկրի ղեկավարությունը պետք է առաջնորդություն ստանձնեն թվային փոխակերպման առումով՝ վարչապետը, փոխվարչապետը, ԿԲ նախագահը: Որպեսզի Հայաստանը դառնա թվային փոխակերպման տարածաշրջանային կենտրոն, անհրաժեշտ է, որ պետության ղեկավարությունը նույնպես հասկանա դա և ստանձնի առաջնորդությունը: Այն փաստը, որ այս ֆորումին ներկայացված են փոխվարչապետը, ԿԲ նախագահը, ցույց է տալիս, որ երկրի ղեկավարության մոտ կա այդ ընկալումը և հանձնառությունը ստանձնված է, որպեսզի այդ թվային փոխակերպումը տեղի ունենա»,- ասաց նա:

Երևանում ապրիլի 5-ին մեկնարկել է առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս