Բաժիններ՝

Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ․ փոխվարչապետ

Վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական խորագրով անցկացվող միջազգային միջոցառումների ինտենսիվացումն ինքնին այն բանի տեսանելի ցուցիչ է, որ Հայաստանի տնտեսական ու հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել։ Այս մասին ապրիլի 5-ին «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ուրախալի փաստ է նաև այն, որ նման հարթակներն առաջնորդվում են մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի կողմից: Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ, և պետությունը հնարավոր ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու, կրիտիկական ենթակառուցվածքներ, խաղի կանոններ և նպաստավոր ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում։ Սա է Կառավարության հիմնարար մոտեցումը թվային բարեփոխումների իրականացման գործում»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ թվայնացման օրակարգի հայեցակարգային մակարդակում շեշտադրել են անցումը էլեկտրոնային կառավարությունից դեպի թվային հասարակության: Սա նշանակում է, որ քաղաքացին և մասնավոր հատվածը գտնվում են թվային փոխակերպման կենտրոնում, և լուծումները քննարկվում են նրանց տեսանկյունից:

«Այս օրակարգը կյանքի կոչելու նպատակով Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը, որը ձևավորվել է 2022 թվականի սկզբին, և որը պատիվ ունեմ նախագահելու՝ որպես երկրի գլխավոր տեղեկատվական համակարգող, հաստատել և ձեր դատին է ներկայացրել թվային հասարակության ու տնտեսության տեսլականն ու 9 գլխավոր թիրախները։

Տեսլականը կառուցված է «Բաց և որակյալ տվյալները ազգային հարստության համար կենսական նշանակություն ունեցող ակտիվ են» ուղերձի շուրջ, իսկ թիրախները շեշտադրում են հետևյալ սկզբունքները՝ բոլոր քաղաքացիները հասանելիություն են ունենալու թվային նույնականացման լուծումներին, և դրա համար ուղղակիորեն չեն վճարելու, քաղաքացիները և տնտեսավարողները պետական համակարգին տվյալները տրամադրելու են «միայն մեկ անգամ» սկզբունքով, պետության կողմից մատուցվող ծառայությունները նախագծվելու են կյանքի իրավիճակների շուրջ»,- ասաց փոխվարչապետը:

Նրա համոզմամբ՝ թվայնացման ոլորտում ներդրումները հանգեցնելու են հասարակության, տնտեսության և կառավարության փոխակերպմանը, ներառյալ՝ հարմարավետությանն ու արտադրողականությանը խոչընդոտող ինստիտուտների, գործառույթների ու գործընթացների վերափոխմանը կամ վերացմանը:

Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ թվային տնտեսության դարաշրջանում հասարակության առաջընթացի գրավականը առաջին հերթին վստահության միջավայրը, միտքն ու նորարարությունն են, ինչի ներուժը Հայաստանը վստահաբար ունի:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ մասնավոր հատվածի կողմից թվայնացման օրակարգի առաջնորդումը և պետության կողմից թվային հասարակության և տնտեսության զարգացման մեջ ողջամիտ ներդրումները թույլ կտան այդ ներուժի իրացումը հասցնել առավելագույնի:

Երևանում ապրիլի 5-ին մեկնարկեց առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս