Մեկնարկեց «Բացահայտելով թվային ապագան» խորագրով Doing Digital Forum-ը
Թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությանը բացահայտելու, ոլորտի առաջատարներին թվային փոխակերպման շուրջ համախմբելու նպատակով մեկնարկեց Doing Digital Forum-ը։ Այս տարի ֆորումն անցկացվում է «Բացահայտելով թվային ապագան» խորագրով։
«Ուղիղ 7 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 5-ին, SPRING PR-ի թիմը գործընկերների հետ «Բիզնես, հաղորդակցություն և թվային աշխարհ» միջազգային ֆորումն էր անցկացնում։ Դարձյալ առաջատար մասնագետների հետ քննարկում ու լուծումներ էինք փնտրում առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ, կիսվում հաջողության, նաև ձախողման պատմություններով։
Այդ օրերին՝ 2016 թվականի ապրիլին, Հայաստանը ճգնաժամային իրավիճակում էր, Արցախում թեժ մարտեր էին, ազգովի անհամբեր սպասում էինք այդքան բաղձալի հրադադարի լուրին։
Այսօր էլ մեր երկրի սահմաններին իրավիճակը լարված է, Արցախը՝ շրջափակման մեջ, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մենք ընտրել ենք մեր մասնագիտական առաքելությունը բարձր մակարդակով կատարելն ու յուրաքանչյուր գործում գերազանցության ձգտելը, որովհետև այդպես ենք պատկերացնում մեր երկրի առաջընթացը»,- ասաց SPRING PR-ընկերության հիմնադիրներից Տաթևիկ Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, լինելով հաղորդակցությունների կիզակետում, իրենք շատ պարզ տեսնում են, որ թվային փոխակերպման էկոհամակարգի մասնակիցների համար միասնական հարթակ ստեղծելու անհրաժեշտություն կա, որտեղ հնարավոր է քննարկել անցած ուղին, այդ ճանապարհին հանդիպող դժվարություններն ու դրանց լուծումները: Նա ընդգծեց, որ նպատակ դրեցին ստեղծել մի հարթակ, որտեղ Հայաստանի ու աշխարհի առաջատար մասնագետները կհանդիպեն, կկիսվեն ոլորտի զարգացման իրենց տեսլականով ու կհամախմբեն ջանքերը թվային փոխակերպման ճանապարհը հարթ ու անխափան իրականացնելու համար:
Սիմոնյանը նշեց, որ ներկայացնելու են թվային տնտեսության նոր միտումներն ու լավագույն փորձը: Համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրույթի շրջանում Հայաստանը դիրքավորելու են որպես թվային լուծումների և ինովացիաների հաբ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:
«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ այսօր մեր վարած բիզնեսն այլևս նույնը չի լինելու: Այժմ մեզ անհրաժեշտ հմտություններն ու տեխնոլոգիաներն այլ են։ Թվային դարաշրջանում հաջողություններ գրանցել կամ ճգնաժամերին բախվելը շատ ավելի արագ է տեղի ունենում, որովհետև խաղի կանոնները փոխված են»,- ասաց նա:
Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանի խոսքով՝ վերափոխումը երբեք չավարտվող և շարունակական գործընթաց է։ Նա ընդգծեց, որ Ամերիաբանկը շարունակական վերափոխման հիանալի օրինակ է:
«Մենք մշտապես վերափոխվում ենք 1998 թվականից ի վեր ՝ դառնալով Հայաստանում առաջին և առաջատար խորհրդատվական ստարտափներից մեկը: Առաջին վերափոխումն այն էր, որ մուտք գործենք բանկային ոլորտ և Ֆինանսներ՝ որպես խորհրդատվական ընկերություն։ Այնուհետև վերափոխվենք առաջին կարգի կորպորատիվ ներդրումային բանկից դեպի առաջատար Ունիվերսալ ֆինանսական հաստատություն, որը զգալի ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա: Մեր հաջորդ վերափոխումը եղել և մնում է թվային: Ահա թե ինչպես մենք ձեռնամուխ եղանք թվային փոխակերպման հուզիչ, բայց միևնույն ժամանակ բարդ ճանապարհին»,- ասաց նա:
Նա նշեց՝ իրենց առաքելությունն էր բարելավել կյանքի որակը և Հայաստանը դարձնել օրինակելի գործարար և ներդրումային միջավայր ՝ իր մեծ մտքերով և ներուժով:
Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիներն է։
Ելույթների ֆորմատով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, գիտելիքով և տեսլականով կկիսվեն նաև Արմեն Հարությունյանը (Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարան), Դեյվիդ Կինչեմը (McKinsey), Ելենա Տոֆանյուկը (Forbes Russia), Դիլան Քալուն (Visa), Ներսես Երիցյանը, («Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն») հիմնադրամ:
Թվային փոխակերպման ոլորտում իրենց փորձով կկիսվեն նաև Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը: