Բաժիններ՝

Իսրայելի ոստիկանությունը 350 մարդու Է ձերբակալել ալ-Աքսա մզկիթում բախումների ժամանակ

Առնվազն 350 մարդ է ձերբակալվել Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո:

«Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է և հեռացրել ավելի քան 350 անձի, որոնք բարիկադավորվել էին Տաճարաց լեռան վրա, այդ թվում՝ դիմակավորված անձինք, մարդիկ, որոնք քարեր և ճայթրուկներ էին նետում, ինչպես նաև մարդիկ, որոնք կասկածվում են մզկիթը պղծելու մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ապրիլի 4-ին մի խումբ պաղեստինցիներ բարիկադավորվել են ալ-Աքսա մզկիթում: Ոստիկանությունը մտել է մզկիթ և լուսաձայնային նռնակներով փորձել է հանել ներսում բարիկադավորված պաղեստինցիներին: Պաղեստինցիներն իսրայելական ուժերի վրա են նետել քարեր և ճայթրուկներ: Այս միջադեպից հետո Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների՝ ի պատասխան Գազայի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 10 հրթիռների:

Պաղեստինցի բանտարկյալների գործերի կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ ալ Աշքարը լրագրողներին հայտնել էր, որ Իսրայելն ալ-Աքսայում իրականացված գործողության արդյունքում ավելի քան 200 պաղեստինցու է ձերբակալել։

Իսրայելի գործողություններն արդեն դատապարտել են Հորդանանը և Եգիպտոսը։ Մարտին Պաղեստինը և Իսրայելը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխում անվտանգության հարցերի շուրջ կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ստեղծել բռնության դեմ պայքարի մեխանիզմ: Եգիպտոսում տեղի ունեցած հանդիպումը նման ձևաչափով երկրորդն էր վերջին ժամանակաշրջանում։

Փետրվարի վերջին Հորդանանի Աքաբա քաղաքում տեղի Է ունեցել հնգակողմ հանդիպում Հորդանանի, Եգիպտոսի, Պաղեստինի, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ Իսրայելի և պաղեստինցիների միջև Էսկալացիան կասեցնելու նպատակով։

Այդ հանդիպման արդյունքում Պաղեստինն ու Իսրայելը պայմանավորվել են կատարել բոլոր ստորագրված համաձայնագրերը, իսրայելական կողմը խոստացել է չորս ամսվա ընթացքում դադարեցնել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրերի կառուցման քննարկումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս