Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի կոնյակի գործարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին այցելել է Երևանի կոնյակի գործարան:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը նախագահին է ներկայացրել վերջին տարիներին գործարանի արդյունաբերական հզորացմանն ու արտադրական ծավալների ընդլայնմանն ուղղված բարեփոխումներն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ Արա Գրիգորյանը նշել է ժամանակակից զարգացած տեխնոլոգիաների և կոնյակագործության լավագույն ավանդույթների համադրությամբ բարձորակ արդյունք ստանալու կարևորությունը:

Այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է գործարանում և Երևանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարանում, որտեղ ծանոթացել է «ARARAT» հայկական կոնյակի պատմությանը: Թանգարանի նախագահական սրահում Հանրապետության նախագահը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն եղել է նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «ARARAT» կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր, ապա գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Տեսանյութեր

Լրահոս