Ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառն» են անում․ Հրաչյա Սարգսյան

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրում է. «Երկար մտորումների արդյունքում, որոշեցի իմ էջում անդրադառնալ Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված դիլետանտ մարդկանց, ոչ պրոֆեսիոնալ, օրենքը և իրավունքը խախտելու գնով որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ, չհիմնավորված և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող տեղեկատվությանը, որոնց ի պատասխան ձեռնարկվել են միջոցներ իրավական ճանապարհով:

Այնուամենայնիվ, որոշեցի իմ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ, այդ թվում նաև իմ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ ներկայացնել այն աշխատանքը, որը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը տեսանելի չէ շատերին:

Իհարկե հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով, բայց ես վստահ եմ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆ իրավունք ունի գնահատել արված աշխատանքը և ոչ միայն տրանսպորտի ոլորտում:

Վերադառնալով բուն թեմային, փորձեմ նշել՝ ինչում են ինձ մեղադրում անձիք, ովքեր գեթ մեկ լումա ներդրում չունեն որևէ ոլորտում՝ կառուցողական և արդյունավետ միջավայր ստեղծելու կամ զարգացնելու գործում: Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում:

Սիրելի ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ, իրականում որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, իմ կողմից չի չեղարկվել: Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ բոլոր կազմակերպված մրցույթներին մասնակցել են ոչ միայն վերավաճառող, այլև հենց արտադրող ընկերություններ, որոնցից մեկը նվազագույն գին առաջարկելու հիմքով, ճանաչվել է հաղթող և ամենակարևորը, գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխարկերպում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած կուրսով:

Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 13.03.23-ին:
Կից ներկայացված տեղեկանքում մատնանշված փաստերի (փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում) արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները:

Տեսանյութեր

Լրահոս