Էնթոնի Բլինքենն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը լուրջ մտահոգություն է հայտնել ամերիկացի լրագրողի ձերբակալման առնչությամբ։

Նշվում է, որ Բլինքենը կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան։

Բլինքենը նաև կոչ է արել ազատ արձակել սխալմամբ ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանին։ Բլինքենն ու Լավրովը նաև քննարկել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքի համար համապատասխան միջավայրի ստեղծման կարևորությունը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացի Է․ Գերշկովիչի ձերբակալման համատեքստում Սերգեյ Լավրովը Բլինքենի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է հարգել Ռուսաստանի իշխանությունների որոշումները, որոնք ընդունվում են Ռուսաստանի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։ Լավրովն անընդունելի է համարել Վաշինգտոնի պաշտոնական դեմքերի և արևմտյան լրատվամիջոցների ստեղծած աժիոտաժը՝ հարցին քաղաքական երանգ տալու ակնհայտ միտումով։

Լավրովը հատուկ ընդգծել է, որ Գերշկովիչը ձերբակալվել է պետական գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ՝ թաքնվելով լրագրողի կարգավիճակի տակ։ Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ ձերբակալված քաղաքացու ճակատագիրը կորոշի դատարանը։

ՌԴ ԱԳՆ-ն հավելում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս