«Սա Նիկոլի ու Ալիևի խաղն է, որ ռուսներին մեղադրեն». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ ևս մեկ անգամ ապացուցվեց՝ հասարակության թիկունքում Հայաստանի իշխանությունները գնում են հօգուտ ադրբեջանցիների գործողությունների:

«Միայն այն հանգամանքը, որ ընդհանրապես հանրությունը տեղյակ չէր, որ Նիկոլն ու Ալիևը սահմանազատում են իրականացնում, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի գործող վարչակազմը հանցագործների խումբ է, որը գործում է Հայաստանի հասարակության թիկունքում: Նրանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն չեն, ինչպես իրենք են իրենց ներկայացնում, և շատ դեպքերում իրենց հանցագործությունները փորձում են քողարկել ժողովրդի կողմից ընտրված լինելու փաստով: Ընդամենը մեկ փաստ այս առումով՝ Փաշինյանին և նրա թայֆային վերջին ԱԺ ընտրություններին ձայն է տվել ընտրողների ընդամենը 25 տոկոսը, և իրենք իրավունք չունեն ժողովրդի անունից հանդես գալ: Ինչ վերաբերում է ԱԱԾ երկու խայտառակ հայտարարություններին, նախ՝ ԱԱԾ-ի առաջին հայտարարությունից պարզվում է, որ անակնկալի են եկել:

Այսինքն՝ իրենք սեպարատ, գաղտնի պայմանավորվել են սահմանագծում և սահմանազատում անցկացնել, բայց ադրբեջանցիները ստեղծել են ֆորսմաժորային իրավիճակ և հարձակվել ՀՀ տարածքների վրա: Ինչպես ԱԱԾ-ն է փաստում, տեղակայվել են 100-300 մետր խորությամբ: ԱԱԾ-ն փաստացի ընդունում է այն հանգամանքը, որ կրկին ունենք տարածքային կորուստներ, հատկապես՝ Տեղ և Կոռնիձոր ուղղություններով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի այն հայտարարությանը, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է, Գագիկ Համբարյանը հետևյալն ասաց.

Կարդացեք նաև

Ի՞նչն է բարելավվել, օրինակ՝ ադրբեջանցիները դուրս են եկե՞լ գրաված տարածքներից, ուզում եմ հասկանալ, ԱԱԾ-ի այս անտրամաբանական հայտարարությունների ապացույցն իրենք կներկայացնեն: Ի՞նչ է նշանակում տարբեր քարտեզներ: Մեր ԱԱԾ-ն ու Ադրբեջանը բանակցել են, երկուսով ինչ-որ քարտեզներ են դրել իրենց պատվիրակությունների առաջ, որոնք, ըստ իրենց հայտարարության տրամաբանության՝ նույնն են եղել, հետո ադրբեջանցիներն այլ քարտեզներով եկել ու գրավել են Հայաստանի տարածքը, հա՞, սա՞ է հասկացվում: Եթե սա է հասկացվում, ուրեմն՝ շատ տխուր է մեր վիճակը, այնքան տխուր ու ողբերգալից, որ ԱԱԾ-ի նման կառույցը կիսագրագետ, անտրամաբանական հայտարարություններով փորձում է Նիկոլ անհողի իշխանությունը պաշտպանել:

Բայց սա ավելի գլոբալ խաղ էր. Սա Նիկոլի և Ալիևի խաղն էր, որ Հայաստանի տարածքների գրավման արդյունքում մեղադրեն կրկին ռուսներին: Կոնկրետ Տեղ գյուղի մոտ, որտեղ ադրբեջանցիները պաշտոնական տվյալներով՝ 100-300 մ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ նույնիսկ 1 կիլոմետր են արդեն մտել ՀՀ տարածք և զբաղեցրել. Տեղ գյուղի գյուղացիների սեփականություն հանդիսացող հողատարածքները, ադրբեջանցիներն այդտեղ բուլդոզերներով խրամատ են փորում, իսկ Ադրբեջանի բռնապետն էլ հայտարարեց, որ որևէ ձևաչափով զիջումների չեն գնալու, սահմանագծումն ու սահմանազատումը տեղի է ունենալու՝ ըստ իրենց ցանկության…»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս