«Մենք դիտարկում և զեկուցում ենք ԵՄ-ին` ինչպիսին է իրավիճակը գետնի վրա, սա է մեր օրակարգը»․ ԵՄ դիտորդը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մորը

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ մեկնել էին Սյունիք` ծանոթանալու տեղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև նպատակ ունենալով մեկնել Արցախ։

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, Սյունիքից տարածած կարճ տեսահոլովակում նշում է, որ անցակետի մոտ են, որտեղ իրենց դիմավորել են ոստիկանական ուժերը և չեն թույլատրել առաջ շարժվել` պատճառաբանելով դա ծնողների անվտանգության կարևորությամբ։ Նա նաև տեղեկացրել է` տեղում իրենք պարզել են, որ թուրքերը գիշերը 5 կիլոմետրով առաջ են եկել առանց մեկ կրակոցի, որի հետևանքով անցակետը տեղաշարժվել է։

Ինչպես երևում է տեսանյութից, ծնողները և մասնավորապես Նաիրա Մելիքյանը հնարավորություն են ունեցել զրուցելու նաև այդ հատվածում քաղաքացիական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդներից մեկի հետ։

Նաիրա Մելիքյանը հարց է ուղղել ԵՄ դիտորդին` նշելով․
«Դուք այստեղ եք` կանգնելու ժողովրդի կողքին, պաշտպանելու ժողովրդի իրավունքները, ԵՄ-ն ժողովրդավարության խորհրդանիշն է, ի՞նչ եք կարծում իրավիճակի մասին»։

Կարդացեք նաև

Ի պատասխան` դիտորդը նշել է, որ Հայաստանում են` զեկուցելու իրավիճակի մասին.

«Մենք դիտարկում ենք, զեկուցում ենք ԵՄ-ին, թե ինչպիսին է իրավիճակը գետնի վրա, թե ինչպես է իրավիճակն ազդում բնակչության վրա, սա է մեր օրակարգը»,-հստակեցրել է ԵՄ քաղաքացիական դիտորդը` զուգահեռաբար իր զոհվելու կապակցությամբ։

«Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին, դա պետք է իրական լինի, ոչ թե բուտաֆորիկ բնույթ կրի»,-ԵՄ դիտորդին ի պատասխան ասել է Նաիրա Մելիքյանը, ով միայն պատասխանել է, թե ցավում է, սակայն Հայաստանում են իրավիճակի մասին զեկուցելու համար։ Եվրոպացի դիտորդը նաև ասել է, որ անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է։

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս