«Մեր վարչական տարածքում չէ, մնացածի վերաբերյալ տեղեկություններ չունեմ». Խնածախի ղեկավարը՝ թշնամու առաջխաղացման մասին
Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Այս հայտարարությունից ժամեր անց մամուլը գրեց, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն առաջ են եկել Տեղ վարչական տարածքի դաշտերով և դիրքավորվում են։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ասել էր, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները Տեղ համայնքում մոտ 70-80 հեկտար առաջ են եկել, նույնիսկ դաշտերում ցանածն արդեն 5 սմ բարձրացել էր։
Երեկվանից Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից որևէ հստակ տեղեկություն ստանալու մեր բոլոր փորձերն արդյունք չտվեցին, չհաջողվեց տեղի ունեցած մասին համայնքի ղեկավարից որևէ մեկնաբանություն ստանալ։
168.am-ի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Սեյրան Միրզոյանն ասաց, որ թշնամին կոնկրետ Խնածախի հատվածում մարտի 30-ին առաջ չի եկել։
«Մեր վարչական տարածքում չէ, մնացած վայրերի վերաբերյալ տեղեկություններ չունեմ։ Այս պահին մեզ մոտ ընդհանուր նորմալ է, մյուս տարածքների վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել»,- եզրափակեց Սեյրան Միրզոյանը։
Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել էին տվյալ բարձունքին և վերահսկում էին այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը դեպի ելման դիրքեր։