Միջադեպի հրահրումը եղել է Վլադիմիր Վարդանյանի կողմից. ԱԺ նախագահը մեծ խառնաշփոթ արեց. Օհանյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր եղել՝ հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը որոշ մանրամասներ փոխանցեց, մասնավորապես, որ երկու պատգամավորների միջև տեղի ունեցած կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր։
«Ոստիկանությունը եկավ իմ սենյակ՝ ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել և ուզում են իրավական ընթացք տան այդ գործընթացին։ Այնինչ, եթե նման որոշում է ընդունվել, պիտի երկուստեք լինի, որովհետև իմ իմացությամբ՝ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Վլադիմիր Վարդանյանի հրահրմամբ։ Չի կարող այնպես պատահել՝ Մհեր Սահակյանը հենց այնպես որոշեց, վեր կացավ ու կոնֆլիկտ հրահրեց։
Մենք արդեն ոստիկանության հետ պայմանավորվել էինք, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի ինքը գնա Արաբկիրի ոստիկանության բաժին։ Սակայն այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը և, կարելի է ասել, իր գործողություններով ըստ էության այս ներքին խառնաշփոթն ինքը կազմակերպեց։ Դեպքի ժամանակ այստեղ չեմ եղել, երբ եկա՝ աշխատակազմի ղեկավարը զրուցում էր մեր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ, ես հանգստացրեցի, հարթեցրեցի, և կարող էր իրավական այդ գործընթացը տեղի ունենալ։ Սակայն օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության ներկայացուցիչները, ոստիկանության պետի տեղակալը սկսեց Մհեր Սահակյանին բրթբրթել, ինչի իրավունքն ինքը չունի, և այսպես մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ սենյակում և մեր միջանցքում, ինչն անընդունելի է։
Երբ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում հարվածեց մեր պատգամավորին՝ Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ի՞նչ արեցին, ոստիկանները եկան ու Վահագն Ալեքսանյանին կալանավորեցի՞ն, իհարկե, ոչ»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։
Թե ինչի շուրջ է եղել վեճը, Սեյրան Օհանյանն ասաց, որ տեղեկություն չունի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում