Բաժիններ՝

Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն այսօր ԱՄՆ-ից մեկնել է հայրենիք, հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդ չի դառնա, այլ փորձագետի իրավունքով կհամագործակցի իր կուսակցության հետ։

«Ես ոչ մի ընդդիմության առաջնորդ չեմ լինի, ես կօգնեմ իմ կուսակցությանը (խմբ.՝ Լիբերալ կուսակցությանը)՝ որպես փորձ ունեցող մարդ. 28 տարի՝ խորհրդարանում, 4-ը՝ նախագահի պաշտոնում, 2 տարի՝ որպես խորհրդական, 15 տարի՝ բանակում։ Ես կհամագործակցեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են դա, հանուն այն բանի, որպեսզի պահպանեմ այն, ինչը պետք է պահպանել, և փոխեմ այն, ինչը պետք է փոխել», – ասել է Բոլսոնարուն հայրենիք թռչելուց առաջ CNN-ի բրազիլական խմբագրությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ չկա նաև ներկայիս վարչակազմի հետ համագործակցության որևԷ հնարավորություն ինչպես նախարարների մակարդակով, այնպես էլ հաշվի առնելով գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող առաջարկները։

Բոլսոնարուն Բրազիլիա Է վերադառնում ԱՄՆ կատարած ուղևորությունից հետո, ուր նա մեկնել էր Ամանորի նախօրեին՝ նախագահի մանդատի ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ։

Բոլսոնարուն ընտրություններում պարտվել Է սոցիալիստ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, բայց այդպես էլ չի ընդունել իր պարտությունը: Հունվարի 8-ին նրա կողմնակիցները բողոքի զանգվածային ակցիաներ էին կազմակերպել մայրաքաղաքում։ Նրանք ճեղքել էին ոստիկանական շղթան ու ներխուժել խորհրդարանի, գերագույն դատարանի շենքեր և նախագահական նստավայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս