Արդյո՞ք Փաշինյանը հարցաքննվել է. կա՛մ նա է սուտ տեղեկություններ հրապարակել, կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված. փաստաբան

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ մարտի 14-ին ստացել է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրենի համապատասխան գրությունը, որով ըստ նրա՝ բոլոր հարցերի պատասխանը կա, բացառությամբ երկու շատ կարևոր հարցերից։

«Այդ երկու հարցերը մեր կողմից են բարձրաձայնվել։ Հետաքրքրվել ենք, թե գնդապետ Սարոյանին ե՞րբ ու ի՞նչ հանգամանքներում, ո՞ւմ կողմից է տրվել համապատասխան տեղեկատվությունը՝ զինծառայողների դիերի մահճակալներում գտնվելու վերաբերյալ։ Ինչպես նաև, թե հրդեհից որքա՞ն ժամանակ հետո է այդ տեղեկատվությունը փոխանցվել գնդապետ Սարոյանին»,- նշեց Նորայր Նորիկյանը։

Ըստ նրա, Պաշտպանության նախարարին էլ ուղղված մի շարք հարցեր մինչև այդ պահը մնացել են անարձագանք։

«Ըստ էության Պաշտպանության նախարարությունն իր վարքագծով առնվազն տարակուսանք է առաջացնում, կարելի էր որևէ ձևով արձագանքել և ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Ես պատասխանատու ձևով ասում եմ՝ հետամուտ ենք լինելու Պաշտպանության նախարարին ուղղված հարցերի պատասխանն այլ վարույթ իրականացնող մարմնի միջոցով ստանալու համար»,- շեշտեց փաստաբանը և հրապարակեց այն հարցերը, որոնք ուղղել են ՊՆ Սուրեն Պապիկյանին։

Կարդացեք նաև

Ըստ այդմ, գրությամբ հետաքրքրվել են, թե կոնկրետ ՊՆ-ից ով է որոշել Ազատ գյուղի այդ տունը հատկացնել զինվորներին ու նրանց այնտեղ բնակեցնել, արդյո՞ք դրանից հետո ստուգել են այդ տունը, հասկանալու համար՝ այն համապատասխանո՞ւմ է ՀՀ օրենսդրությանը՝ որպես զինվորական կացարանի։ Արդյո՞ք այդ կացարան մինչև դեպքի օրը ՊՆ-ից կամ ԳՇ-ից որևէ մեկն այցելել է, արդյո՞ք կացարանի պայմանների մասին որևէ մեկին զեկուցվել է, հակահրդեհային համակարգ եղե՞լ է, թե՞ ոչ, դրա մասին որևէ մեկին զեկուցվե՞լ է, և արդյո՞ք հրդեհից հետո զինծառայողների դիերի գտնվելու դիրքի և տեղափոխման վերաբերյալ լուսանկարներ արվել են։

Փաստաբանի խոսքով՝ չգիտեն, թե մինչև զոհված զինծառայողների դիերի տեղափոխումը, ինչպիսի՞ն է եղել դեպքի վայրը, զոհված զինծառայողներն ի՞նչ դիրքում ու հանգամանքում են եղել։ Այս հարցերի պատասխանները գործի համատեքստում շատ արդիական ու էական են։

«Խորը համոզմունք կա, որ դեպքի վայրում մինչև վարույթ իրականացնող մարմնի կողմից գործողություններ իրականացնելը, լուսանկարահանում կամ տեսանկարահանում չի եղել։

Մենք վաղը ծնողների հետ հանդիպելու ենք Զինվորական դատախազի հետ, նրան մի շարք հարցեր ունենք։ Մենք դատախազից հետաքրքրվելու ենք, արդյո՞ք այդ գործի շրջանակներում հարցաքննվել է վարչապետը, պարզելու, թե վերջինս ո՞ւմ կողմից, ի՞նչ նպատակով ու պայմաններում է տեղեկացվել գործի տվյալների մասին, և նա ի՞նչ պատճառաբանությամբ է հունվարի 29-ին Կառավարության նիստում հանդես եկել հայտնի ելույթով և շրջանառության մեջ դրել հայտնի վարկածը։ Ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանի և նույն օրը լեյտենանտի կողմից լրատվամիջոցներին տված հարցազրույցում կան հակասություններ, որը վերաբերում է այդ տարածքում բենզինի առկայությանը։ Ես ունեմ տվյալներ, որոնք այս պահին չեմ հրապարակի՝ բենզինի լինելու հանգամանքը հերքելու կամ հաստատելու մասին։ Կա՛մ վարչապետն է սուտ տեղեկություններ հրապարակել, կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված»,- եզրափակեց Նորայր Նորիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս