«Ինչ անհարմար բան ստացվեց, խայտառակ եղանք». Էդգար Ղազարյան

«Իրավիճակը փոխվում է, իսկ իրենք, չգիտես՝ ինչու, մնում են իշխանության: Քաղաքականությունը նրա համար է, որ երբ իրավիճակը փոխվում է քո նախանշած ծրագրերին հակառակ, դու պետք է հեռանաս, որպեսզի նոր իրավիճակում նոր մարդիկ կարողանան որոշումներ կայացնել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա նկատեց՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հանրային հաշվետվությունները ձախողումների մասին են. «Օրինակ՝ ԱԳ նախարարը հանրությանը ներկայացնում է տեղեկություններ, թե իրեն ոնց չի հաջողվում իր տեսակետները լսելի դարձնել ադրբեջանցիներին: Ասում է՝ գիտեք՝ ինչ, մենք նրանց այնպիսի լավ առաջարկներ ենք ուղարկում մեյլով, ջնջում են, հետ են ուղարկում. անշնորհք են: Պաշտպանության նախարարն ասում է՝ արդեն երկու տարի է՝ փողը ձեռքներս՝ չենք կարողանում զենք առնել:

Ինչ անհարմար բան ստացվեց, խայտառակ եղանք: Այսինքն՝ իր խնդիրը բանակը սպառազինություններով ապահովելն է, նոր ամրակազմերն է, ասում է՝ չի ստացվում, բա, եթե չի ստացվում, դու ո՞նց ես մնում նախարար: Եթե խնդիր ես դրել, չես կարողացել լուծել, ուրեմն՝ պետք է գնաս, գա այն մարդը, որը կարողանում է դա լուծել:

Իրենց ձախողումները ոչ մեկին չպետք է հետաքրքրեն. այս իշխանությունը հենց դրանով է վտանգավոր, որ սա անպատասխանատուների իշխանություն է»:

Կարդացեք նաև

Ղազարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է քաղաք կառուցելու մասին այն դեպքում, երբ նա իր կյանքում նույնիսկ իր բնակարանը չի վերանորոգել. «Մենք տեսել ենք, թե ինքը ինչ բնակարանում է ապրել մինչև կառավարական դղյակ տեղափոխվելը:

Իր բնակարանը վերանորոգելու ունակություն չունեցող մարդը բաց դաշտում հայտարարում է, որ այստեղ քաղաք է լինելու: Հիմա, կարող է մի շաբաթ հետո էլ մի ուրիշ բաց դաշտում ասի՝ այստեղ էլ տիեզերակայան է լինելու»:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Հայաստանում ընտրություններ երբեք չեն եղել. «Կազմակերպվել են քվեարկություններ՝ իշխանազավթում իրականացնելու համար:

Մատներդ դրեք ցանկացած ընտրության վրա, ապացուցեմ իմ թեզը ցանկացած ընտրության պայմաններում, սկսած 2018-ի Երևանի ավագանու ընտրություններից, որը եղել է ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո առաջին ընտրությունը Հայաստանում, մինչև վերջին Սիսիանի ընտրություն: Թող մի օր Փաշինյանը վարչապետի պաշտոն չզբաղեցնի ու գնա ընտրության: Հայաստանի պատմության մեջ ինքը միակ պաշտոնյան է, որը հրաժարականից հետո կատարել է այն ֆունկցիաները, որոնք պետք է կատարեր առանց հրաժարական տալու: Ինչքան նախարար հրաժարական է տվել՝ հաջորդ օրը գնացել է տուն: Իրենից առաջ Հայաստանը 15 վարչապետ է ունեցել, ոչ մեկի պարագայում պաշտոնը թողնելուց հետո նրանք չեն մնացել՝ որպես վարչապետ: Այդ թվում՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանը: Փաշինյանը հրապարակում հայտարարում էր, որ խորհրդակցել են իրավաբանների հետ և Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չի կարող դառնալ վարչապետի ԺՊ»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար պետք է հետևողական պայքարը շարունակել. «Փաշինյանի օրոք դժվար թե տեղի ունենան ժողովրդավարական պրոցեսներ, որից հետո իշխանությունը կփոխվի, հետևաբար ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մահանալու է վարչապետի պաշտոնին, ուղղակի ինչքան շուտ, այնքան լավ, որովհետև դա կարող է լինել նրա՝ 96 տարեկան հասակում, բայց դրանից մեր երկիրը ինչ վիճակում կհայտնվի, ես դա չգիտեմ: Փաշինյանը պետք է հասկանա, որ իր պաշտոնավարումը դժվարացնում է ոչ միայն բոլորիս, այլև իր կյանքը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս