Արցախը 30 տարի Սյունիքի համար եղել է անվտանգության պահապան. Սիսիանի նախկին քաղաքապետ
Այսօր Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Ընտրապայքարի է դուրս եկել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում», Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Ժամը 15:00-ի տվյալներով համայնքի 1852 ընտրողից քվեարկել էր 600 հոգի։
Վաղ առավոտից 168.am-ը Սիսիանի ընտրատեղամասերում հետևում է քվեարկության ընթացքին և զրուցում սիսիանցիների հետ։
«Սիսիանում առաջնահերթ է անվտանգության խնդիրը։ Ադրբեջանի զինված ուժերը մեր վարչական տարածքում, երկու տարի է՝ նստած են»,- մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը. Մեր զրուցակիցը նաև կարևորեց համախմբվածությունը, որը, ըստ նրա, համայնքում չկա։
«ՀՀ անվտանգությունը կախված է Արցախից։ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հանդիպում էի բնակիչներին՝ ասացի, որ սահմանը Թալիշում է, բայց, եթե վատ ավարտվի, սահմանը լինելու ենք մենք։ Այդպես էլ եղավ։ Թալիշից 250 կմ եկել է, հիմա Իշխանասարում է։ Սա նշանակում է, որ Արցախը 30 տարի Սյունիքի համար եղել է անվտանգության պահապան»,- հավելեց Արթուր Սարգսյանը։
Նա նշեց՝ որ թեկնածուն էլ ընտրվի, նրա կողքին կլինի։
Իսկ, որպես նախկին համայնքապետ՝ խոսելով իր կատարած աշխատանքների մասին՝ Արթուր Սարգսյանն ասաց, որ 4 տարվա ընթացքում 5 միլիարդի սուբվենցիոն ծրագիր է իրականացրել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում կայացած ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ չէր հավաքել ավագանու կազմում մեծամասնություն կազմելու և համայնքի ղեկավար ունենալու համար անհրաժեշտ 51 տոկոսը։