«Արցախի նախագահը սահմանադրորեն պարտավոր է վերադարձնել այն տարածքները, որոնք զիջել է». շուշեցի պատմաբան
«Ես դժգոհ եմ, որ ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Արցախի Կառավարությունը մինչ այսօր չեն դատապարտել ադրբեջանական պետական մակարդակով իրականացված ահաբեկչությունը՝ Արցախի իրավապահ մարմնի աշխատողների նկատմամբ»,- այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքի բնակիչ, «Շուշի հայենակցական միության» նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 5-ին թշնամու կողմից արցախցի 3 ոստիկանների սպանության դեպքին:
«3 հոգի սպանվել են իրենց պարտականությունները կատարելուց, և 2 պետությունների Կառավարությունները չեն դատապարտում Ադրբեջանի պետական ահաբեկչությունը՝ ինքնիշխան պետության տարածքում»,- ասաց տեղահանված արցախցի պատմաբանը:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանն Արցախում էթնիկ զտման քաղաքականություն է վարում, և, որ այդ սպանությունները դրա վառ ապացույցն են, Աշոտ Հարությունյանն ասաց.
«Վերջին շրջանում ինքը սկսել է կորեկցիաներ մտցնել իր ելույթներում, դա արդեն ողջունելի է… Առաջին խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ-ն պետք է ժամ առաջ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այն, որ մարդն ասում է՝ ես խաղաղության դարաշրջան եմ սկսել, և դա կարող է վնասել խաղաղությանը, եթե ինքը նման բան անի, ապա համոզված եմ, որ Ադրբեջանն առանց դրան նայելու էլ պատերազմը կսկսի, որովհետև սահմանում, այդ թվում՝ Նախիջևանում, կուտակված զորքերը հենց այնպես չեն:
Մեր ժողովրդին պետք է բացատրել, որ պատերազմը ցանկացած պահի կարող է սկսվել, և մեր ժողովուրդը պետք է պատրաստվի այդ պատերազմին: Ցանկացած պետություն, որը շրջապատված է ագրեսիվ, հայատյաց 2 պետություններով, չի կարող ինքնախաբեությամբ զբաղվել»:
Օկուպացված Շուշի քաղաքի բնակիչն անդրադառնալով թշնամի պետության ղեկավարի՝ ինտեգրացիայի վերաբերյալ հայտարարություններին, ասաց, որ ինտեգրացիայի հետևանքները Խորհրդային Միության տարիներին տեսել են, և հիմա նման բան հնարավոր չէ.
«Մենք տեսել ենք, թե Սումգայիթում ինչով վերջացավ այդ ինտեգրացիան: Մենք այդ ինտեգրացիան տեսնում ենք 44-օրյա պատերազմից հետո Թալիշի տարածքում, թե ադրբեջանցիները ոնց են քանդում հայկական հուշարձանները, հայկական տները…
Ինչո՞ւ այդ Ադրբեջանը, որն այսօր փորձում է մեզ ինտեգրացիա պարտադրել, 30 տարի չէր ընդունում Արցախի Հանրապետության կողմից առաջարկված ինտեգրացիան:
Չէ՞ որ մենք էլ էինք առաջարկում՝ վերադարձեք և բնակվեք: Արցախի ինտեգրացիան Ադրբեջանի կազմում՝ նշանակում է հրաժարվել Սահմանադրությունից: Արցախի Հանրապետության նախագահը թող մի անգամ նորից կարդա սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունները և հասկանա, որ ինքն այն տարածքները, որոնք զիջել է, պարտավոր է վերադարձնել, սահմանադրորեն դա իր վրա դրված պարտականություն է: Ի՞նչ ինտեգրացիայի մասին է խոսքը…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում