Նիկոլի հարուստ աշխատակազմը. նախկին նախարարի որդին՝ Փաշինյանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ նշանակել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետին։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Աշոտ Փիրումյանի դիմումը՝
1. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ1-1) պաշտոնում՝ ազատելով նրան Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնից (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ3-1)։
2. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»։
Նկատենք, որ Աշոտ Փիրումյանը ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախկին նախագահ (2003-2004թթ.), 1999-2003թթ. Շիրակի մարզպետ, 1995-1999թթ. ՀՀ քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանի որդին է:
Ի դեպ, 168.am-ն առաջիկայում կանդրադառնա՝ Փաշինյանի կառավարությունում նախկին իշխանությունների ո՞ր ներկայացուցիչները կամ որո՞նց որդիներն են պաշտոններ ստանձնել և ինչո՞ւ:
Ժամանակին, օրինակ՝ 2014 թվականին, նույն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հոդվածներ էր հրապարակում որոշ պաշտոնյաների հայտարարագրերի մասին, այդ թվում՝ այսօր իր կողմից վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ նշանակված երիտասարդի հոր՝ Ֆելիքս Փիրումյանի մասին.
«Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, ովքեր կասկածելի եկամուտներ են ստանում, աստղաբաշխական թվերի հասնող «նվիրատվություններից»՝ մեծ կարողություն դիզում» գրել էր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը՝ նշելով, որ «Սերժ Սարգսյանի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը հայտարարագրել է 10,7 միլիոն դրամ և 200 հազար դոլար»:
Հետաքրքիր է, Փիրումյանի որդուն պաշտոնի նշանակելիս Փաշինյանը հարցրե՞լ է՝ որտեղի՞ց 2014 թվականին հայրիկիդ այդքան գումար, թե հարցնում կամ գործեր է հարուցում նրանց դեմ, ովքեր իր առջև չեն խոնարհվում, հեղափոխություն կոչվածին չեն աջակցել և համոզված են, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: