Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա և՛ Հայաստանի, և՛ Արցախի դեմ. Միրզոյան
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանն անկախությունից ի վեր ջերմ հարաբերություններ ունի արաբական աշխարհի, պետությունների հետ, և վերջերս արաբական երկրներ կատարած իր այցի ժամանակ արտգործնախարարներին ներկայացրել է Հայաստանի տեսլականը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
«Վերջերս Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում հավելյալ երանգ հաղորդել այն ամենին, ինչ կատարվել ու կատարվում է մեր տարածաշրջանում։ Եվ ահա այս այցի ընթացքում մենք կարողացանք հանգամանորեն ներկայացնել, բացատրել մեր գործընկերներին։ Եվ կարող եմ վստահեցնել, որ առնվազն իմ տպավորությամբ, բայց կարծում եմ՝ սա օբյեկտիվ իրականություն է, նաև արաբ գործընկերներն ունեն նույն ընկալումը, որ հակամարտությունը, որը մենք ունեցել ենք Արցախում, նաև Հայաստանի շուրջ, ու մնացած հավելյալ խնդիրները, որ կան Ադրբեջանի հետ, դրանք որևէ կերպ, որևէ կրոնական երանգ չունեն»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի ընդունած հայտարարությանը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ, Արարատ Միրզոյանը երախտիքի խոսք ուղղեց նրանց, ովքեր կողմ են քվեարկել հայտարարության տեքստին:
«ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից համապատասխան որոշման ընդունումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքում անխափան երթևեկությունն այնպես, ինչպես դա բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունն այստեղ անելիք ունի, և պետք է շարունակեն և ավելի գործուն քայլեր ձեռնարկեն։
Ինչ վերաբերում է էսկալացիայի վտանգին, ապա, իհարկե, կա, ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից և անկախ այդ բանակցություններում Հայաստանի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից։ Այո, նոր ագրեսիայի վտանգ և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի դեմ իսկապես կա»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում