«Խաղաղություն և հաղթանակ հնարավոր է, եթե Հայաստանի քաղաքականությունը չվարվի պատերազմի ու պարտության կուսակցության կողմից». Անդրանիկ Թևանյան

«Իշխող քաղաքացիական պայմանագիր« կուսակցության քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Մատնոց ֆռցնողները, ինչպես հայտնի է, ներքաշում են իրենց ճանկն ընկած հաճախորդին, շեղում են նրանց ուշադրությունը, ֆռացնում են և վերջում թողնում են ձեռնունայն:

Սիրելի՛ ժողովուրդ, Ձեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել քանի դեռ այս ամենը հանդուրժում եք: Ձեզ խաբել են 2018 թվականի իշխանափոխության գործընթացի ժամանակ ու դրանից հետո, ձեզ խաբել են կարմիր կետագծերի, արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, հոսանքի, գազի, ջրի սակագների, ներդրումային բումի և այլնի մասով:

Ձեզ հիմա էլ են խաբելու սպասվող Երևանի ավագանու ընտրություններում: Արդեն 4-րդ ընտրությունը կլինի, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է Աջափնյակի մետրոյի կայարանի թեմայով: Ու քանի որ ձերոնց մոտ 48 ամիսը 2 տարի է կամ հակառակը, ուստի հերթական խաբեությունն է լինելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ նշված խաբեությունները կես դժբախտությունն են.

«Մեծագույն դժբախտությունն այն է, որ տեղի է ունեցել մեծագույն խաբեություն: 2018 թվականից սկսած ՀՀ իշխանությունները հանդես են եկել «խաղաղության աղավնու» կարգավիճակով: Մեզ այն օրերին ասում էին, որ Ալիևը կիրթ ու կառուցողական է, ինքն էլ է ցանկանում խնդրի լուծում, մենք էլ ենք ցանկանում, կա բանակցային նորմալ գործընթաց, և ահա մենք խաղաղություն ենք ստանալու: Ձեզ խաբում էին և համոզում, որ պետք է փամփուշտները ձուլել ու զարդեր պատրաստել, որ ամեն ինչ կարգին է լինելու, բայց եղավ 2020 թվականի պատերազմը, եղավ այն պատճառով, որ ՀՀ իշխանությունը չկարողացավ բանակցային գործընթացում այնպիսի դիրքորոշում ունենալ, որ պատերազմ չլինի:

Իշխող խմբակցության ներկայացուցիչներն ասում են՝ մենք չենք բերել պատերազմ, մենք ուզում ենք՝ խաղաղություն լինի, բայց խաղաղությունն ուզելով չի՛, խաղաղությունը ներքին և արտաքին քաղաքականությունը ճիշտ վարելն է, և հիմա էլ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, իշխանությունը խոսում է խաղաղության լեզվով, բայց մենք տեսել ենք պատերազմ, մենք տեսել ենք կորուստներ, մենք տեսել ենք պարտություն: Հետևաբար՝ իրական խաղաղություն և հաղթանակ հնարավոր է, եթե Հայաստանի քաղաքականությունը չվարվի պատերազմի ու պարտության կուսակցության կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս