«Որտեղ է Փաշինյանի խաղաղությունը՝ ժամեր առաջ գերեվարված հայ զինվորի ծառայության վայրո՞ւմ». Ագնեսա Խամոյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադառնալով իշխող ուժի պատգամավորների հայտարարություններին, թե ընդդիմությունը խաղաղության դեմ  արշավ է իրականացնում, հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավորներին.

«Հարգելի՛ գործընկերներ, էդ խաղաղությունը որտե՞ղ է, մի հատ ասեք, գնանք, տեսնենք: Էդ խաղաղությունը Ջերմուկո՞ւմ է, էդ խաղաղությունը Կապանո՞ւմ է, որտե՞ղ է այդ խաղաղությունը: Էդ խաղաղությունը ժամեր առաջ գերեվարված հայ զինծառայողի ծառայության վայրո՞ւմ է, որտե՞ղ է այդ խաղաղությունը:

Լա՛վ, ո՞նց կարելի է հազարավոր զոհերից, տարածքային կորուստներից, հարյուրավոր գերիներից, անհետ կորածներից հետո, առանց ամոթի գեթ մեկ զգացողության, այստեղ խեղաթյուրել ամբողջ 20 տարվա բանակցային պրոցեսը:

Դուք 5 տարի է՝ խոսում եք, թե ինչ է քննարկվել 20 տարիների ընթացքում, ինչն է լավ եղել, ինչն է վատ եղել, բողոքում եք այդ ստացած ժառանգությունից, բայց իրավունք ունե՞ք բողոքելու, ո՛չ, չունե՛ք այդ իրավունքը»:

Կարդացեք նաև

Ագնեսա Խամոյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից 2-ը՝ բանակցային գործընթացի վերաբերյալ.

«Ընդամենը 2 մեջբերում եմ անում:

2019 թվականի ապրիլի 9: Հարցին, թե բանակցությունները տալի՞ս են երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի դիմել պատերազմական գործողությունների, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ «Կողմերը հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին՝ պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել հրադադարի ռեժիմը: Սա մե՛ր պայմանավորվածությունն է, սա մե՛ր քաղաքական պայմանավորվածությունն է»:

2020 թվականի մայիսի 20: Ազգային ժողովի այս ամբիոնից հայտարարեց՝ «Ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ»:

Ու այս հայտարարություններից հետո դեմքի անմեղ արտահայտությամբ կանգնում եք այստեղ, ասում եք՝ վայ-վայ, մեզ մի մեղադրեք, ասեք, որ մենք ենք բերել պատերազմը: Մենք չե՛նք ասում՝ դուք եք բերել պատերազմը, մենք ասել ենք՝ ՀՀ-ն է հարձակվե՞լ, ո՛չ, բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն էր իր վերջին հարցազրույցում ասում՝ «Մենք մանդատ չպետք է տանք Ադրբեջանին հարձակվելու», դուք այդ մանդատն եք տվե՛լ»:

Պատգամավորն ամփոփելով ելույթը՝ դիմեց ԱԺ նիստերի դահլիճում նստած իշխանական պատգամավորներին:

«Այն, ինչ բանակցել եք, մենք դրա  արդյունքը տեսել ենք, հիմա ի՞նչ եք բանակցում: 20 տարվա բանակցածից եք խոսում, դուք հիմա ի՞նչ եք բանակցում»:

Պատգամավորը նաև հայտնեց, որ հունվարի 25-ին գրավոր դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղարին, խնդրել, որ ծանոթացնի «Խաղաղության պայմանագրի» հայկական կողմի առաջարկներին, սակայն 2 ամիս է անցել, այդպես էլ պատասխան չի ստացել:

«Սա՛ է ձեր դեմքը, սա ձեր իշխանության դեմքն է: Դուք Հանրապետության հրապարակը հռչակել էիք ագորա, բայց միանձնյա որոշումներ էիք կայացնում, որը հանգեցրել է պատերազմի, հազարավոր զոհերի և այն իրավիճակին, որն այսօր առկա է Հայաստանի Հանրապետության սահմաններին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս