
«Այս պահին հաստատ գիտենք, որ թշնամին քաղաքացու է առևանգել, բնակիչը Խնձորեսկից է». Գորիսի փոխհամայնքապետ

Արդեն լրատվամիջոցներն անդրադարձել են «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանի գրառմանը, որ թշնամին Վերիշենի դիրքեր գնացող ճանապարհից քաղաքացու է առևանգել։
Նշենք, որ դեպքի առնչությամբ ԱԱԾ-ից 168.am-ին ասել էին, որ տեղեկությունը պետք է ճշտել Պաշտպանության նախարարությունից, իսկ ՊՆ-ից հեռախոսազանգերին չեն պատասխանում։
168.am-ի հետ զրույցում Գորիսիս համայնքապետի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը հաստատեց, որ թշնամին քաղաքացու է առևանգել։
«Մենք այս պահին հաստատ գիտենք, որ թշնամին քաղաքացու է առևանգել և այդ բնակիչը Խնձորեսկից է։ Վերիշենի դիրքեր գնալու ճանապարհին են առևանգել։ Այլ մանրամասների չենք տիրապետում, մնացածն արդեն ՊՆ-ից պետք է ճշտեք»,- նշեց Արտյոմ Աղաջանյանը։
Հարցին՝ այդ բնակիչը դիրքե՞ր է գնացել, թե՞ դաշտ, Արտյոմ Աղաջանյանը պատասխանեց, որ այլ հարցերի չի կարող պատասխանել։
«Հարցը՝ ՊՆ-ի տիրույթում է»,- եզրափակեց Արտյոմ Աղաջանյանը։