«Պարզ է, որ թշնամին մտել է Գորիս-Կապան ճանապարհ ու փակել է մեր զարկերակը. երկրորդ կարծիք լինել չի կարող». Առուշ Առուշանյան
Օրերս 168.am-ը գրավոր հարցում էր ուղղել Գլխավոր դատախազությանը՝ ճշտելու, թե 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու դեպքի առիթով քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։
Դեպքից ամիսներ անց, այսինքն՝ նույն թվականի դեկտեմբերին ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչները սկսել էին վերահսկողություն սահմանել նաև Գորիս-Կապան ճանապարհի վրա, այս դեպքով կա՞ հարուցված քրեական գործ, եթե այո, ապա կա՞ն մեղադրյալներ, կասկածյալներ, և ովքե՞ր են նրանք։
Մեր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից առաջին հարցին պատասխանել են։
«Հայտնում ենք, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու դեպքի վերաբերյալ առկա են հարուցված քրեական գործեր, որոնցից մեկով մեկ անձի նկատմամբ դատախազի որոշմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։
Իսկ մեր երկրորդ հարցի առնչությամբ Դատախազությունից պատասխանել են.
«Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական զինված ուժերի վերահսկողությանն անցնելուն, ապա այդ դեպքի կապակցությամբ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել»։
168.am-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ասաց, որ իրավաբանական տեսանկյունից չի կարող ասել, թե ինչու Գորիս-Կապան ճանապարհը թշնամու կողմից զավթելու վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել։
«Ինքս գնահատական տալու խնդիր չունեմ, ինչ մտածում եմ, դա էլ ասում եմ։ Չեմ կարող ասել, իրավական առումով դատախազությունը պե՞տք է գործ հարուցի, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը մեր սուվերեն տարածք է մտել, ապա ասեմ, որ պետք է ոչ միայն այդ ճանապարհի մասին խոսենք, այլ խոսենք, որ բազմաթիվ տեղերում թշնամին մեր սուվերեն տարածքում է։ Այս պայմաններում մեր խնդիրն այն է, որ պետք է ազգովի ուժեղ լինենք և թշնամուն հետ շպրտենք։ Խոսքը ոչ միայն այդ տարածքների մասին է, ամենավատն այն է, որ լրատվամիջոցները խոսում են միայն այս տարածքների մասին, բայց ամբողջ Արցախի 12 հազար քկմ-ն, որը մեր պատմական հայրենիքի մի փոքր մասն է, մինչև Քուռ Արաքս, Գանձակ, մինչև Դաղստանի սահմանը՝ դա մեր պատմական հայրենիքն է, մինչև այդտեղ մենք իրավական հիմք ունենք, որ պետք է հասնենք։ Սա պետք է լինի հայի գերնպատակը, իմ նպատակը՝ որպես հայ, որպես մահկանացու՝ սա է»,- նշեց Առուշ Առուշանյանը։
Ըստ նրա, «թշնամին մտել է ՀՀ տարածք» ձևակերպումը սխալ է, ինչու Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ՞։
«Արցախը պատմական հայի կորիզն է։ Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին, ապա պարզ է, որ թշնամին մտել է այնտեղ ու փակել է մեր զարկերակը՝ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- եզրափակեց Առուշ Առուշանյանը։