Վերիշեն գնացող դիրքերից թշնամու կողմից քաղաքացու առևանգման լուրերը պաշտոնապես դեռ չեն հաստատվում
Լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանի գրառմանը, որ թշնամին Վերիշենի դիրքեր գնացող քաղաքացու է առևանգել։
Hayastan.news-ի հետ զրույցում Խնձորեսկի գյուղապետն ասել էր, որ նման լուրեր ինքն էլ է լսել և այժմ գնում է դեպքի վայր։
168.am–ը Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանից փորձեց ճշտել, ի՞նչ տեղեկություններ ունի։
«Ինքս առևանգման վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ, թեկուզ գրած է՝ մեր դիրքեր գնացող, բայց տեղյակ չեմ»,- նշեց մեր զրուցակիցը և ընդգծեց, որ հստակ տեղեկատվություն կարող է տալ միայն Պաշտպանության նախարարությունը։
Ներքին Խնձորեսկի գյուղապետը և Սյունիքի մարզպետի օգնականը հեռախոսազանգերին չպատասխանեցին։
168.am-ը նաև ԱԱԾ խոսնակ Սարգիս Գևորգյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություններ ունեն, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ տեղեկատվությունը պետք է ճշտել ՊՆ-ից։
«Այդ ամենը ՊՆ-ի տիրույթում է, նրանցից ճշտեք, որովհետև Վերիշենի այդ տարածքը գտնվում է ՊՆ տիրույթում, իրենք պետք է արձագանքեն»,- շեշտեց նա։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, սակայն, մեր հեռախոսազանգին չպատասխանեց։
Բարձրավան գյուղի նախկին ղեկավար Օնիկ Ավագյանն էլ ասաց, որ քաղաքացու առևանգման մասին իրենք էլ են լսել, սակայն դեռևս այդ տեղեկությունը հաստատված չէ։ Հնարավոր բոլոր տեղերից փորձում են ճշտել, թե ինչ է տեղի ունեցել։
Առաջիկայում կփորձենք հավելյալ տեղեկատվություն տրամադրել։