Ցավալի է, որ Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ խաղաղության պայմանագրի առումով գործընթացը կանգնած չէ, սակայն սա չի նշանակում, որ դա Ադրբեջանին կարող է զսպել՝ գնալու հերթական սադրանքին։

«Հակառակը, կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևէ սադրանք իրականացնելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ ի՞նչ ռեսուրսներ ունի Հայաստանն ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Հայաստանն ամենօրյա ռեժիմով զբաղվում է Հայաստանի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով։

«Անկախ ամեն ինչից, եթե ամենալավ, ամենալավատեսական բանակցությունները լինեն, միևնույն է՝ մենք ամեն օր զբաղվում ենք և զբաղվելու ենք Հայաստանի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջերս ճեպազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը, Ալեն Սիմոնյանը նկատեց՝ ՌԴ առաջարկները, որոնք մինչև օրս եղել են Հայաստանին, դրանք մշտապես ընդունվել են։

«Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ, և կարծում եմ՝ ռուսական բոլոր առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ-ն պետք է ուշադիր լինի ադրբեջանական կողմի արձագանքին, որովհետև Հայաստանը մշտապես ռուսական առաջարկներին իր համաձայնությունը 99 տոկոս դեպքերում տվել է։ Ցավալի է, որ Մարիա Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս