ՆՈԱՄ ՉՈՄՍԿԻ․ Զանգվածներին կառավարելու 10 մեթոդ

Մարդու վարքագծի կառավարումը պետության առաջնահերթություններից է: Ճիշտ է` պետությունն ստեղծված է հենց քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, բայց առավել հաճախ իշխանություն ունեցող մարդիկ փորձում են կառավարել հենց քաղաքացիներին՝ իրենց դիրքերը պահպանելու համար:

Երբ քաղաքացիները սկսում են դժգոհություն ցուցաբերել իշխանությունների վարած քաղաքականությունից, ապա բռնություններից խուսափելու համար իշխանական օղակները գործի են դնում քարոզչամեքենան, որի հիմնական գործիքը ԶԼՄ-ներն են:

Նոամ Չոմսկին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության դասախոս է, լեզվաբան, փիլիսոփա, հասարակական գործիչ, գրքերի հեղինակ եւ քաղաքական վերլուծաբան: Նա բազմաթիվ աշխատությունների և հետազոտություների հեղինակ է: Չոմսկին կազմել է լրատվամիջոցների միջոցով զանգվածներին մանիպուլյացնելու 10 մեթոդների ցանկ, որը և ներկայացնում ենք ստորև:

Մեթոդ 1. Ուշադրության շեղում

Հասարակությանը ղեկավարելու ամենաառաջին և պարզ միջոցը՝ ժողովրդի ուշադրության շեղումն է քաղաքական և տնտեսական կարևոր իրադարձություններից և որոշումներից՝ լրատվական դաշտը հեղեղելով աննշան նորություններով: Այսպիսով քաղաքացիները հնարավորություն չեն ունենում տեղեկություն ստանալ ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների, տնտեսութան, հոգեբանության, կիբերնետիկայի և այլ զարգացումների մասին: Լրահոսը հագեցած է լինում շոու բիզնեսի, դեղին մամուլի, միստիկային վերաբերող անկարևոր նորություններով, որոնք հիմնված են մարդու բնական բնազդների վրա:

Մեթոդ 2. Խնդրահարույց իրավիճակների ստեղծում և դրանց լուծումների առաջարկներ

Տվյալ մեթոդը նաև անվանում են «խնդիր-ռեակցիա-լուծում»: Ստեղծվում է խնդիր, ինչ-որ «իրավիճակ», որը նախատեսված է հասարակության շրջանում որոշակի արձագանք առաջացնելու համար: Իսկ կառավարող օղակների կողմից առաջարկվող լուծումներն առաջին հերթին հենց իրենց են ձեռնտու լինում:

Օրինակ՝ քաղաքներում աճում են բռնության դեպքերը կամ արյունալի ահաբեկչական հարձակումներ են տեղի ունենում: Որպես պատասխան քաղաքացիներին առաջարկվում է անվտանգության ապահովման համար ավելի խիստ օրենքների մշակում և ընդունում, որոնք իրականում ոտնահարում են քաղաքացիական ազատությունները կամ սոցիալական իրավունքները: Այդ օրենքները ներկայացվում են որպես «անհրաժեշտ չարություն»: Բայց պետք է հասկանալ, որ ճգնաժամները իրենք իրենցով չեն առաջանում:

Մեթոդ 3. Աստիճանաբար կիրառում

Որպեսզի հնարավոր լինի առաջ քաշել հանրության համար ոչ ձեռնտու մի օրենք, կիրառվում է աստիճանական, օրեցօր, տարի առ տարի ներդնելու մեթոդը: Նախորդ դարի 80-90-ական թվականներին նման կերպով գլոբալ տարածում ստացան սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական պայմանները՝ նեոլիբերառլիզմը: Եթե միանգամից տեղի ունենային այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ պետության դերի նվազագույնի հասցնելը, մասնավորեցումը, անվստահությունը, ոչ կայուն իրավիճակը, մասսայական գործազրկությունը, ցածր աշխատավարձերը, ապա անպայման արդյունքը կհանգեցներ հեղափոխության:

Մեթոդ 4. Իրականացման հետաձգում

Հանրության համար ոչ նպատակահարմար որոշումներ անցկացնելու մեկ այլ միջոց է՝ այն ներկայացնել որպես «ցավալի և անհրաժեշտ» գործողություն, որը, սակայն, ուժի մեջ կմտնի ոչ թե հենց այսօր, այս պահին, այլ մոտ ապագայում:  Ավելի հեշտ է համաձայնել որոշակի զոհողությունների ապագայում, քան ներկայում։

Հասարակությունը միշտ միամտաբար հույս ունի, որ «վաղը ամեն ինչ կփոխվի դեպի լավը», իսկ իրենից պահանջվող զոհողություններից հնարավոր կլինի խուսափել: Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի շատ ժամանակ ունենալ համակերպվելու գալիք փոփոխությունների հետ:

Մեթոդ 5. Դիմել հասարակությանը՝ որպես անմիտ երեխայի

Շատ հաճախ հանրության համար նախատեսված քարոզչություն պարունակող ելույթներում օգտագործվում են այնպիսի փաստարկներ, պերսոնաժներ, բառեր և ինտոնացիա, որոնք կիրառվում են անչափահաս երեխաների հետ շփումներում: Ինչքան շատ են փորձում շփոթեցնել լսողին, այնքան շատ են փորձում օգտագործել ինֆանտիլ լեզվաբանական դարձվածներ: Ինչու՞:

Եթե ինչ-որ մեկը շփվում է մարդու հետ այնպես, կարծես նա 12 տարեկան է (կամ ավելի փոքր), ապա քարոզչության  պատասխան ռեակցիան լինում է քննադատության բացակայության բավականին մեծ հավանականությունը: Սա բնորոշ է մինչև 12 տարեկան երեխաներին, և հետևաբար ամբոխը ենթագիտակցաբար ունենում է համապատասխան արձագանք:

Խոսքը, հումորն այս պարագայում նախատեսված է լայն լսարանի համար: Հարկ է նաև չմոռանալ, որ արդեն իսկ կիրառվում են վերևում և ներքևում ներկայացված շահագործման մեթոդները, որոնք լրացնում են մեկը մյուսին:

Մեթոդ 6. Շեշտը դնել էմոցիաների, ոչ թե բանականության վրա

Էմոցիաների վրա ազդեցությունը նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասական հնարք է, որն ուղղված է մարդկանց ռացիոնալ անալիզ անելու հատկության արգելափակմանը և հետևաբար՝ իրավիճակի մասին կրիտիկական մտածելակերպի արգելափակմանը:  Մյուս կողմից, զգացմունքների վրա ազդեցությունը հնարավորություն է տալիս բացել ենթագիտակցության դուռը, որպեսզի այնտեղ ներարկվեն մտքեր, ցանկությունները, վախեր,  հարկադրանք կամ վարքի կայուն մոդելներ: Այնպիսի հաճախ կրկնվող նախադասությունները, ինչպիսիք են՝ դաժան ահաբեկչությունները, անարդար կառավարությունը, սոված մարդկանց տառապանք, կադրից դուրս են թողնում կատարվածի իրական պատճառները և մեղավորներին: Զգացմունքները տրամաբանության թշնամին են:

Մեթոդ 7. Մարդկանց տգիտության մեջ պահելը՝ զարգացնելով միջակությունը

Այս ռազմավարության իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ չբացահայտեն այն մեթոդները, որոնցով իրենք կառավարվում են կամ ենթարկվում կառավարող օղակների կամքին: Կրթության որակը՝ հատկապես միջնակարգ հասարակական դպրոցներում պիտի լինի միջակ, որպեսզի անտեղյակությունը, տգիտությունը, անճաշակությունը դառնա համատարած, և ցածր խավը չկարողանա հաղթահարել դրանք:

Մեթոդ 8. Դրդել քաղաքացիներին հիանալ միջակությամբ

Հասարակության մեջ սերմանել այն գաղափարը, որ տգիտությունը, գռեհիկ հումորները, անդաստիարակությունը ժամանակակից են: Այս միջոցը մյուսներից չի տարանջատվում, քանի որ ժամանակակից աշխարհում մեծ քանակությամբ միջակությունների կարելի է հանդիպել ցանկացած սոցիալական ոլորտում, սկսած կրոնից և գիտությունից և վերջացրած քաղաքականությամբ: Սկանդալները, դեղին մամուլը, ցածրակարգ սերիալները, կեղծ հերոսները, կասկածելի հումորը և կիսապոպուլիստական ակցիաները շատ լավ միջոց են հասարակությանը մտահորիզոնն ընդլայնելու փորձերից հետ պահելու համար:

Մեթոդ 9. Սեփական մեղքի զգացողության ուժեղացումը

Այս մեթոդի միջոցով մարդուն համազում են, որ միայն ինքն է մեղավոր սեփական անհաջողությունների մեջ, որի պատճառը իր միջակ մտավոր ունակություններն են, նպատակասլացության բացակայթյունը: Արդյունքում՝ տնտեսական և քաղաքական համակարգի դեմ պայքարելու փոխարեն, մարդն սկսում է ինքնախարազանմամբ զբաղվել, ինչն էլ հանգեցնում է ճնշված հոգեվիճակի և անտարբերության շրջապատում տեղի ունեցողի հանդեպ:

Մեթոդ 10. Իմանալ մարդկանց մասին ավելին, քան նրանք գիտեն

Գիտության զարգացումը վերջին 50 տարիներին հանգեցրել է նրան, որ մեծացել է տեղեկատվության հասանելիության անդունդը հասարակ անձանց և իշխող վերնախավի միջև:

Կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը» ունի առաջատար գիտելիքներ մարդու մասին, ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեբանության ոլորտում: «Համակարգը» ունի ավելի շատ գիտելիք մարդու մասին, քան մարդը գիտի, հետևաբար նա ունի ավելի մեծ իշխանություն և կառավարման ավելի մեծ հնարավորություններ:

Թարգմանեց՝ Տիգրանուհի Գրիգորյանը

champord.am

Տեսանյութեր

Լրահոս