Վախը սպանում է ուրախությունը
– Ավետարանը հասկացնում է մեզ, որ Քրիստոս ուրախություն է, ճշմարտություն,- ասում էր հայր Պորֆիրիոսը,- որ Քրիստոս դրախտն է։ Հովհաննես Ավետարանիչն ի՞նչ է ասում դրա մասին։ Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև դրա մեջ տառապանք կա։ «Ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ․ 4։18)։
Մարդը ձերբազատվում է վախի զգացումից աստիճանաբար առաջադիմելով և մուտք է գործում Աստծու սիրո մեջ։ Այդժամ ո՛չ դժոխք կա, ո՛չ վախ, ո՛չ մահ։ Այդ ժամանակ մեզ հետաքրքրում է միայն Աստծու սերը։ Այդ ժամանակ մենք ամեն բան անում ենք հանուն այդ սիրո։ Ինչպես փեսան է անում հարսի համար։
Եթե կամենանք հետևել Նրան, ապա Քրիստոսի հետ հենց այդ կյանքը ուրախություն է թեկուզ և դժվարությունների մեջ։ Ինչպես ասում է Պողոս առաքյալը․ «Ուրախ եմ․․․․ իմ կրած չարչարանքների համար» (Կող․ 1։24)։ Սրանում է մեր կրոնը։ Դրան պետք է ձգտենք։
Լսե՛ք, ես շատ կարևոր բաներ եմ ասում, դա ձևականություն չէ։ Հարկավոր է ամեն գնով ցատկել երկրայինից վեր, փորձել հնարավորինս ապրել Քրիստոսի հետ։ Երբ արժանանաս դրան, էլ ի՞նչ է հարկավոր քեզ։ Դու ամեն ինչ ձեռք ես բերել։ Դու ապրում ես Քրիստոսի հետ, իսկ Քրիստոս՝ քեզանում։ Դրանից հետո ամեն ինչ շատ հեշտ է՝ հնազանդությունը, խոնարհությունը, խաղաղությունը։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը