Ալիևի ելույթները լսեք՝ կպատկերացնեք՝ ինչի մասին է խոսքը, և ինչ խնդիրների ենք բախվում. ԱԳ փոխնախարար
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում սպասվելիք Միրզոյան-Լավրով հանդիպմանը և քննարկվելիք հարցերին, ասաց նաև, որ հնարավոր է՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ հարց էլ քննարկվի, ինչպես նաև հարցերի ամենալայն շրջանակ։
«Կարծում եմ՝ շատ հնարավոր է, որ այդ հարցը բարձրացվի այս կամ այն կողմից։ Ինչպես ասացի, յուրաքանչյուր հարց պետք է մանրամասն ներկայացվի, լրացուցիչ տեղեկատվություն տրամադրվի, և այդ առումով մենք միշտ պատրաստ ենք եղել երկխոսության։ Որպես առանձին հարց՝ տեղյակ չեմ, որ ԵՄ առաքելության վերաբերյալ հարց կա, բայց նաև չեմ բացառում, որ հնարավոր է՝ այդ հարցը քննարկվի»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը։
Հարցին, թե՝ երբ է նախատեսված Միրզոյան-Լավրով հանդիպումը, և հնարավո՞ր է, որ քննարկվի նաև Լաչինի միջանցքի հարցը, հատկապես, որ Մոսկվայում Լավրով Բայրամով վերջին հանդիպմանը Արարատ Միրզոյանը չէր մասնակցել Արցախի ճանապարհի փակ լինելու պատճառով, փոխնախարարը պատասխանեց, որ հանդիպումը նախատեսված է մարտի 20-ին։
«Յուրաքանչյուր հարց կարող է քննարկվել, ես տեղյակ չեմ օրակարգի հարցերի մասին, դա իմ պատասխանատվության ոլորտը չէ, բայց ինչպես ՌԴ-ի հետ է միշտ եղել, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր հարցի քննարկման։
Դեկտեմբերի հանդիպումը եռակողմ էր, երկկողմ չէր, այս անգամ լրիվ այլ ֆորմատ է՝ երկկողմ»,- հավելեց Պ. Հովհաննիսյանը։
Անդրադառնալով «խաղաղության պայմանագրին» և Ադրբեջանից Հայաստանին փոխանցված առաջարկներին և այդ համատեքստում եղած խնդիրներին՝ ԱԳ փոխնախարարն ասաց.
«Բավական է լսել Ալիևի ելույթները, կպատկերացնենք, թե ինչի մասին է խոսքը, բացեիբաց այդ խնդիրների մասին նշվել է, որոնց հետ բախվում ենք թե պայմանագրի բանակցությունների, թե առհասարակ հարցի քննարկման ընթացքում։ Ամեն ինչ ակնհայտ է միայն Ադրբեջանի ղեկավարի վերջին ելույթը ընթերցելիս»,- շեշտեց Պարույր Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում