«Սարսափեցնում է այն միտքը, որ Փաշինյանի օրոք կարող է նորից պատերազմ լինել». Տիգրան Նալչաջյան

«Եթե անգամ իմ ակտիվության պատճառով իմ նկատմամբ ճնշումներ լինեն, ինձ համար հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի՝ ո՛չ անձնական գործերը, ո՛չ ֆիլմերը, ո՛չ դերերը, որոնք ես կստանամ կամ չեմ ստանա: Եթե այսպես շարունակենք, վաղը ոչ մեկս անելիք չենք ունենա՝ ո՛չ մեր բնագավառում, ո՛չ այլ բնագավառում: Այսինքն՝ մենք այսօր նախ պետք է պայքարենք բոլորս հայրենիք ունենալու, հայրենիքը պահպանելու համար, որպեսզի հետո նոր կարողանանք հանգիստ ամեն մեկս զբաղվել մեր գործով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը:

«Ասում են, չէ՞, թող ամեն մեկը գլուխը կախած՝ իր գործն անի. Ես դրա հետ բացարձակապես համաձայն չեմ, որովհետև մենք, գլուխներս կախած, ուղղակի կկործանվենք, չենք ունենա հայրենիք, իսկ հայրենազրկումն ամենամեծ ցավն է, որը իմ վրա կարող եմ պատկերացնել: Իմ ակտիվ լինելու պատճառը դա է, բայց երևի մի բան էլ քիչ եմ անում: Ցավալին այն է, որ ոչ բոլորն են սա գիտակցում, շատերն էլ գիտակցում են, բայց լուռ են, իսկ շատերն էլ կան՝ չեն գիտակցում, բայց խոսողների հասցեին վայրահաչում են: Այսինքն՝ մենք այդ  բազմաբևեռ հասարակությունն ենք դարձել, որը, հույս ունեմ՝ ինչ որ պահի կհամախմբվի, որովհետև այսպես ուղղակի չի կարող շարունակվել»,- շեշտեց նա:

Դերասանի խոսքով՝ պետք է 88-ի շարժման նման ոտքի կանգնել և Արցախի հարցը լուծել. «Մենք դա կարող ենք անել, պարզապես ինչ-որ մի բան դեռ դրան խանգարում է: Պառակտումը շատ բարձր մակարդակով է արվել: Այնպես, ինչպես հայ հասարակությունը պառակտվեց 2018թ.-ից հետո, երբեք չի եղել, ու դրա մեղավորը միշտ իշխանություններն են, որովհետև պառակտման լծակներն իրենց ձեռքին են: Պառակտման կոճակները սեղմելով՝ կարողանում են դա անել: Օրինակ՝ 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին համախմբված էինք, բոլորս միայն հաղթելու մասին էինք մտածում, ու ես ապրիլյան պատերազմը հաղթանակ եմ համարում, որովհետև կարողացանք մեր առաջնագիծը պահել, թեպետ մեր տղաները զոհվեցին, բայց նրանք զոհվեցին հանուն առաջնագիծը պահելու, ոչ թե՝ պարտության համար: 44-օրյա պատերազմի ժամանակ ասում էին՝ հաղթում ենք, հաղթելու ենք, բոլորս համախմբվել էինք, բայց երբ միանգամից այդ ամենը հօդս է ցնդում, պարզվում է՝ այդպես չէր, այդտեղից սկսվում է պառակտումը, հոգեբանական այն ծանր վիճակը, որի մեջ հայտնվել է մեր ժողովուրդը: Միանգամից անկում եղավ:

Կարդացեք նաև

Իմ մասնագիտական օրինակով ասեմ՝ պատկերացրեք՝ մեկն անընդհատ նկարահանվում է, հաջողություններ են ունենում իր ֆիլմերը, մեկ էլ հանկարծ ոչ ոք չի նայում իրեն, բոլորը մոռանում են, դա շատ մեծ անկում է: Նույնը սպորտի մեջ՝ չեմպիոնությունից հետո մեկ էլ հանկարծ՝ շատ ցածր արդյունքներ. այդ ամենը մարդկային է, ես դրա համար եմ նման օրինակներ բերում, իսկ այս դեպքում ամբողջ ժողովրդի հետ դա արեցին: Նաև կեղծ թեզերով՝ մի մասին պահելով՝ որպես ընտրազանգված, ովքեր կրթության հետ խնդիր ունեցող մարդիկ են»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե էսկալացիայի վտանգ կա, նա նշեց, որ պարզ չդարձավ, թե Փաշինյանն ինչ քայլեր է ձեռնարկում դրանից խուսափելու համար. «Ամենավախենալուն այն է, որ Փաշինյանի օրոք նորից պատերազմ լինի. պատերազմ թող ուղղակի չլինի այս իշխանության օրոք, ես ամենաշատը դրանից եմ վախենում, որովհետև պատերազմի ընթացքում գործողությունները պետք է միտված լինեն հաղթանակի, մեզ պետք է հոգեբանորեն բարձրացնեն, ոչ թե անընդհատ գցեն, որը անում են: Այսօր ժողովուրդը պատրաստ է ոչ թե պատերազմի, այլ՝ պարտության, մտածում են՝ հա, դե մի հատ էլ էս կկորցնենք, էն կկորցնենք: Ժողովրդին խառը, անհասկանալի բաներ են ասում: Խաղաղության պայմանագիրը ենթադրում է, որ պետք է լինի խաղաղություն, բայց մեզ ասում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, հայտնի չէ՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ: Սա աննորմալություն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս