Երգահան Կարեն Գրիգորյանը ծննդյան օրը նշեց «Հոգու գույներ» հեղինակային երգերի համերգով
Մարտի 14-ին երգահան Կարեն Գրիգորյանը ծննդյան օրը նշեց հարազատների, մտերիմների ու իր արվեստի երկրպագուների հետ Երևանի երգի պետական թատրոնում հեղինակային երգի «Հոգու գույներ» համերգ-երեկոյի ընթացքում։ Երգահանի ստեղծագործությունները կատարեց Մոս Մովսիսյանը, ելույթ ունեցան երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Անահիտ Շահբազյանը, Ջուսը։
Կարեն Գրիգորյանը ոլորտում իր առաջին քայլերը կատարել է 2000-ականներին, երբ հեղինակային երգարվեստի, պատկերավոր ասված՝ ներկապնակը բավականին հագեցած էր ու բազմերանգ, սակայն նա իր ուրույն տեղը գտավ ու հարստացրեց եղած գույները ևս մեկով։ Եվ ինչպես ասաց երեկոն վարող, երգահան Անիտա Հախվերդյանը, Կարեն Գրիգորյանի «գույնը» 2007 թվականից մինչև օրս չի խամրել, ընդհակառակը՝ թանձրացել ու խտացել է։
Մինչ կհնչեին Կ. Գրիգորյանի երգերը, նախ ցուցադրվեց նրա ընկերների պատրաստած մի կարճ տեսանյութ, որը պատմում էր հեղինակային երգի վարպետի անցած ստեղծագործական ճանապարհը, այնուհետև բեմ բարձացավ հենց ինքը՝ Կարեն Գրիգորյանը, և պատմեց, թե ինչպես ամեն ինչ սկսվեց։
Բայց նախ սկսեց նրանից, թե ինչո՞ւ է ծննդյան օրը նշելու համար ընտրել հենց Երգի պետական թատրոնը։
Պարզվում է՝ իր երաժշտական կարիերայի համար Երգի պետական թատրոնն ունեցել է մեծ դերակատարում, մեկ անգամ այնտեղ գնալն ու որոշ թղթեր պատճենահանելը դարձել է ճակատագրական։
«Շնորհակալություն բոլոր մաղթանքների համար, որոնք այսօր ստացել եմ, երեկվանից անակնկալներ են ինձ մատուցում իմ ընկերները, շնորհակալ եմ։
Հիմա պատմեմ, թե ինչ կապ ունեմ Երգի պետական թատրոնի հետ։ Տարիներ առաջ թատրոնում կար նաև պատճենահանման կետ, բերել էի ինչ-որ փաստաթղթեր պատճենահանելու, իրականում այս պատմության մասին երևի ծնողներս առաջին անգամ են լսում։ Տանը դաշնամուր չունեինք, երբ եկա պատճենահանումն անելու, եթե չեմ սխալվում, երրորդ հարկում դաշնամուր կար դրված, սկսեցի ինչ-որ բաներ նվագել։ Արթուր Գրիգորյանը եկավ ու հետաքրքրվեց, թե ինչու Երգի պետական թատրոնում չեմ սովորում։ Ճիշտն ասած, երբ Արթուր Գրիգորյանի զայրացած դեմքը տեսա, մտածեցի՝ պետք է ասի՝ ի՞նչ գործ ունես դաշնամուրի մոտ։ Հետո եկավ Մարտին Միրզոյանը, լսեց, որ նվագում եմ, ու հարցրեց՝ կուզե՞ս գործիքավորեմ, ես էլ համաձայնվեցի։ Հեռախոսահամարս Մարտին Միրզոյանը վերցրեց, ասաց՝ պատրաստ լինի՝ կզանգահարեմ, ու զանգահարեց 3 ամիս անց։ Սա իմ կարիերայի երևի ամենաբեկումնային պահն էր, քանի որ հասկացա, որ ուզում եմ դառնալ երգահան»,- պատմեց Կարեն Գրիգորյանը։
Իսկ հետո երգահանը մեկ այլ անկեղծ խոստովանություն էլ արեց. Առաջին անգամ Երգի թատրոն մտնելուց հետո սկսեց ավելի հաճախ գնալ, բայց պատճառը միայն երգի հանդեպ սերը չէր, ուրիշ պատճառ էլ կար… սիրահարվել էր թատրոնի սաներից մեկին։