Եթե իշխանությունն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս, թող հիմա հերքի. Անդրանիկ Թևանյան

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից մերժվեց  «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ։

Նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ներկայացնելով հայտարարության տեքստը, հիշեցրեց, որ երբ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իրենց խմբակցությունը ներկայացրել է հայտարարություն, որը պայմանավորված էր տվյալ իրավիճակով։

«Հիմա իրավիճակը փոխվել է, ավելի քան 3 ամիս շրջափակված է Արցախը։ Հիմա մենք արդեն պետք է խոսենք ոչ թե Լաչինի միջանցքի շրջափակման մասին, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, սադրանքների, դիվերսիաների, նաև Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Այս հանցավոր քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից, ակնհայտորեն նպատակ ունեն հայաթափելու Արցախը և էթնիկ զտումներ իրականացնելու, իրենք դա չեն էլ թաքցնում»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։

Շարունակելով միտքը, Անդրանիկ Թևանյանն ասաց, որ հայտարարության տեքստը լրամշակել են, փոխել են նաև վերնագիրը, քանի որ արդեն գործ ունեն ռազմաքաղաքական ագրեսիայի հետ։

Կարդացեք նաև

«Մենք նաև արձանագրել ենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև հանդիպումն է Ալիևին հնարավորություն տվել դիմել այնպիսի գործողությունների, ինչպիսին է Արցախի շրջափակումը, որովհետև ՀՀ իշխանությունները ճանաչել են Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։ Այս հանգամանքը հաշվի առնելով, փաստացի Ալիևը վերախմբագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ Լաչինի միջանցքն առանձին կարգավիճակ ուներ»,- շեշտեց պատգամավորը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե ՀՀ իշխանությունն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս, պետք է միանա «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարությանը, նույնիսկ փոփոխություն առաջարկի և ասի, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայում ձեռք բերված հայտարարությունը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս