«ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալուց հետո մեր անվտանգության կարիքները պետք է փորձենք ապահովել բոլոր հնարավոր միջոցներով». Փաշինյան
«ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Հայաստանում չէ՝ որպես ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, այլ՝ որպես «Ռասմուսեն Գլոբալ» հիմնադրամի հիմնադիր և նախագահ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ առաքելությամբ է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը ժամանել Հայաստան:
«Մենք ամենատարբեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկումներ ենք ունենում Հայաստանում, Հայաստանից դուրս, փորձում ենք մեր տեսակետներն ավելի մանրամասն ներկայացնել միջազգային հանրության այն ներկայացուցիչներին, որոնք այդ տեսակետների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերում են»,- հավելեց Փաշինյանը:
Ճշտող հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Հայաստանը տեսադաշտում ունի՞ երկրներ, որոնց հետ պլանավորում է ռազմաքաղաքական համագործակցություն, Փաշինյանը պատասխանեց, որ մեր տեսադաշտում ոչ թե երկրները, այլ անվտանգության կարիքներն են.
«Մենք մեր անվտանգության կարիքները պետք է փորձենք ապահովել բոլոր հնարավոր, այդ թվում՝ դիվանագիտական միջոցներով և եղանակներով…»:
Անդրադառնալով Արցախում փաստահավաք առաքելություն ուղարկելուն, Փաշինյանն ասաց, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ կհիմնավորենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգի փաստը.
«Դա հնարավորություն կստեղծի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ առանց Ադրբեջանի համաձայնության»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում