«Ես պրոբլեմը գիտեմ ամբողջ խորությամբ, գիտեմ նաև լուծումները, կստացվի՞ այդ լուծումը, ես դա չգիտեմ մի պարզ պատճառով». Նիկոլ Փաշինյան
«Եթե Ձեզ առաջարկվի այնպիսի փաստաթուղթ, որը հատելու է կարմիր գիծը և Հայաստանին սպառնացող նոր վտանգներ է բերելու, կհրաժարվե՞ք այն ստորագրել և հրաժարական ներկայացնեք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենաշատ հրաժարական ներկայացրած ղեկավարն է, իսկ վերադառնալով բուն հարցին՝ ասաց.
«Էդ էն ա, ինչ էս ընթացքում տեղի է ունեցել անընդհատ, այսինքն՝ ձեր ասածը արդեն իսկ տեղի է ունեցել մի քանի անգամ, հրաժարական տալն էլ է տեղի ունեցել, փաստաթուղթ ստորագրելն էլ է տեղի ունեցել, փաստաթուղթ չստորագրելն էլ է տեղի ունեցել: Այսինքն՝ այն, ինչ դուք ասում եք, տեսական չի:
Նույն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հիշո՞ւմ եք, որ էն ժամանակ ստորագրել էի, բնականաբար, ես էլ երջանիկ չէի, չէ՞, նրանք, ովքեր իմ կաբինետում ներկա են եղել՝ քաղաքական թիմի անդամներից, անվտանգության խորհրդի անդամներ և այլն, նրանք գիտեն, թե ինչ պայմաններում և ինչ վիճակում եմ ես ստորագրել, էն իմաստով, որ վիճակը սթափ ա եղել ամենակարևորը, գիտակցելով, բայց շատ ծանր, շատ դառը, բայց ես տեսել եմ, որ էդ թղթի մեջ և էդ թղթի իրագործմամբ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը կարողանում են իրենց շահերը հետապնդել:
Էն ժամանակ հիշում եք, չէ՞, որ կապիտուլյացիա անվանվեց դա: Էսօր տեսնո՞ւմ եք, որ ՀՀ, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե իրավապաշտպաններն օրումեջ հղում են անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը…
Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի հետ կապված իր որոշումը հիմնավորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Մեր պրոբլեմն այսօր եռակողմ հայտարարությունը չի՛, ընդհակառակը, եթե եռակողմ հայտարարությունը լիարժեք պահպանվեր՝ մենք այս ամեն ինչը չէինք ունենա, մեր խնդիրն այդ հայտարարության չիրագործումն է և երաշխիքների և երաշխավորի ինստիտուտի կամ բացակայությունը, կամ անգործության պատճառը…
Ես կստորագրե՞մ մի բան, որ հետագայում ձեր աչքերի մեջ չկարողանամ նայել, ո՛չ, չեմ ստորագրի ես տենց բան:
Ինձ թվում է՝ ես պրոբլեմը գիտեմ ամբողջ խորությամբ, գենետիկ մակարդակում, ինձ թվում է, որ ես պրոբլեմը գիտեմ, ես գիտեմ նաև լուծումները, որոնց մասին բարձրաձայնել եմ այն շրջանակում, ինչ կարելի է բարձրաձայնել, կստացվի՞ այդ լուծումը, ես դա չգիտեմ մի պարզ պատճառով: Էսօրվա աշխարհում, այ հենց էսօր՝ 2023 թվականի մարտի 14-ին, ժամը 14:00, աշխարհում չկա մի ղեկավար, որը գիտի՝ մի ամիս հետո ինչ է լինելու, չկա՛ էդ ղեկավարը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում