Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի Հայաստանի դեմ՝ այս իշխանության գցելու և ֆռռացնելու քաղաքականության հետևանքով. Խոսրով Հարությունյան

Նախորդ շաբաթվա վերջում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց ավելի վաղ տարածված տեղեկությունը. Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Անդրադառնալով Հայաստանի իշխանության այդ որոշմանը՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր. «Այն գործընթացները, որոնք ընթանում են Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև, ամբողջությամբ տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ Այդ դաշինքից հեռանալու մասին մենք բազմիցս խոսել ենք։ Մեծ հաշվով, խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Հայաստանն է լքելու ՀԱՊԿ-ը, այլ նրա մեջ, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել Հայաստանը, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, փորձում է օգտագործել Բաքվի փաստարկները և մեզ համոզել, որ սահման չկա»։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով իշխանության այդ որոշմանը, նշեց.

«ՀԱՊԿ-ը առաջին հերթին մեզ համար Ռուսաստանն է, որին չի՛ կարելի մեջքից խփել. այդ երկրի հետ ընկերություն անելը դժվար է, բայց Ռուսաստանին թշնամի լինելը դաժան է լինելու և խիստ վտանգավոր։ Իսկ ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի այդ քարտուղարի ասածին, ապա նա կարո՞ղ է ասել գեթ մեկ միջազգային կազմակերպություն, նրանց կողմից կայացված գեթ մեկ որոշում, որով ճանաչել են Հայաստանի սահմանները»։

Կարդացեք նաև

Ըստ ՀՀ նախկին վարչապետի՝ Արմեն Գրիգորյանը չի կարող նշել նման մի կազմակերպություն, որովհետև այդպիսիք նրանց իշխանության օրոք պարզապես չկան։

«Փոխարենը պետք է հիշել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ արձանագրվել են ԵԱՀԿ-ի մակարդակով որոշումներ, որոնց հիման վրա Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, ըստ որոնց, դիտորդներ պետք է տեղակայվեին սահմանին, ինչն արդեն իսկ նշանակում էր սահմանների ճանաչում՝ ընդ որում, ԵԱՀԿ փաստաթղթով։ 1988 թվականից ի վեր դա մեր ունեցած կարևորագույն ձեռքբերումն էր, իսկ ի՞նչ արեց այս իշխանությունը, պարզապես հրաժարվեց դրանից, այնպես որ, հիմա Անվտանգության խորհրդի քարտուղարի ասածն ընդամենը մանիպուլյացիա է, որով փորձում են քողարկել իրենց ոչ կոմպետենտությունը»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

ՀՀ նախկին վարչապետը հատուկ ուշադրություն հրավիրեց Հայաստանի ոչ կոմպետենտ իշխանության վարած քաղաքականության ծանր հետևանքների վրա, որոնք դառնում են լավ խաղաթղթեր՝ Ադրբեջանի ձեռքում։

«Ուշադրություն դարձրեք՝ երեկ Ալիևի օգնական Հաջիևն ասաց՝ իրենց ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և իրենց համար հասկանալի չէ, թե դրանից հետո ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը պնդում, որ ստորագրվելիք պայմանագրի միջև դրույթներ պետք է լինեն Արցախի վերաբերյալ։ Հիմա նույն Արմեն Գրիգորյանը, երբ հանդիպում է Հաջիևին, թող նրա ասածներին պատասխանի, ինչը չի անում, մենք տեսնում ենք, որ Հայաստանից արձագանք չկա, հետևապես, հարց՝ արդյոք Հայաստանի իշխանության այս վարքագիծը լեգիտիմ հիմք չի՞ տալիս Ադրբեջանին՝ սկսել լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ՝ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ. տալիս է. հենց այս մասին երեկ ակնարկեց Հաջիևը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով՝ այդ պարագայում միջազգային հանրությունը պատրաստ է ամեն ինչ ներել Ադրբեջանին, որի դերը և կշիռը, պայմանավորված էներգակիրներով, բարձրացել է։

«Ուստի, այն, ինչ անում է այս իշխանությունը, կոչվում է ֆռռացնել. գցելու, ֆռռացնելու քաղաքականությունը՝ առանց սկզբունքային հարցադրումների, լեգիտիմ հիմք է տալիս Ադրբեջանին լայնամասշտաբ գործողություններ սկսել Հայաստանի նկատմամբ։ Այդ ժամանակ որևէ միջազգային երաշխավոր մեզ չի օգնելու»,- խոսքը եզրափակեց ՀՀ նախկին վարչապետը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս