Բաժիններ՝

«Աղբավայրում քիմիական թափոններ են լցնում, մեզ վարի են տալիս». Վեդիի բնակիչները պնդում են, ոսկու հանքի և աղբի վերամշակման գործարանի աշխատակիցները՝ հերքում

Արդեն մի քանի օր Վեդի քաղաքի բնակիչներն ահազանգում են, որ Վեդիի տարածքում գտնվող աղբավայրում վտանգավոր քիմիական թափոններ են այրում, ինչի հետևանքով հատկապես աղբավայրին մոտ գտնվող տների բնակիչները առողջական լուրջ խնդիրներ են ձեռք բերել:

«Ահավոր վիճակ է, արդեն այդ տարածքում աղբ լցնելու տեղ չկա, ստիպված, որ ճանապարհը չփակեն, աղբը լցրել են դեպի այգիներ տանող ճանապարհին: Աստված չանի, որ սելավ եղավ, սաղ թույնը քշելու է, լցնի այգիները:

Բնակիչներով պարզեցինք, որ Վեդիի աղբավայրում քիմիական թափոններ են լցնում, ոսկու ֆաբրիկայի զիբիլը՝ կաուստիկ սոդայի մեշոկներ, ցիանիդի մեշոկներ, բերում, վառում են, իսկ դա հա՛մ բնությանն է վնաս, հա՛մ մարդկությանը, միտումնավոր մեզ վարի են տալիս, էլ չե՛նք դիմանում»,- պատմեցին բնակիչները:

Ճշտող հարցին՝ ինչպե՞ս պարզեցիք, որ հենց ձեր նշած նյութերն են այդտեղ այրում, որ դրանք ոսկու հանքից են տեղափոխում, արդյոք ապացույցներ ունե՞ք, քաղաքացիները պատասխանեցին, որ տվյալ աշխատակիցներին անձամբ են բռնացրել «հանցանքի» վայրում:

Կարդացեք նաև

«Վեդի քաղաքի իբր աղբի վերամշակման գործարանը, որը դեռ չի էլ շահագործվել, աղբատար մեքենա է ուղարկում Արարատի ոսկու հանք, զիբիլը բարձում են, որից հետո տեղափոխում են Վեդիի աղբավայր: Ոսկու հանքի աշխատակիցներից մեկը վերահսկում է այդ գործընթացը, «Niva» մակնիշի մեքենայով ուղեկցում է աղբատարին մինչև Վեդիի աղբավայր, համոզվում, որ աղբը թափել են, նոր հեռանում է, որովհետև սաղ թույն է: Բնակիչները բռնացրել են, միջադեպ է եղել նաև աղբատար մեքենային ուղեկցող հանքի աշխատակցի հետ, նա էլ ասել է՝ ես ոչ մի գործ չունեմ, ինձ ինչ ասում են, ես դա եմ անում, փաստացի ընդունել է, որ թույն են տեղափոխել: Հարց՝ եթե թույն չեն տեղափոխում, խի՞ են ուղեկցում մեքենան»:

Վեդիի բնակիչները պատմեցին, որ խնդրի մասին բարձրաձայնել են նաև Վեդիի փոխհամայնքապետի մոտ, անգամ քաղաքացիներից մեկը նախորդ տարի աշնանը նրա հետ գնացել է աղբավայրի տարածք, ցույց տվել այնտեղ տիրող պատկերը, բայց մինչ օրս խնդրին որևէ լուծում չի տրվել:

«Գիտենք, որ փոխհամայնքապետն ասել է՝ դրա հետ կապված դատական գործ կա, թե հիմա սուտ, ճիշտ՝ չգիտենք»:

Վեդիի աղբի վերամշակման գործարանի տնօրեն Յուրա Հարությունյանը 2020 թվականի հուլիսին 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ գործարանը 2020-ի նոյեմբերին կշահագործվի, ինչից հետո աղբավայրի խնդիրը կլուծվի:

2020 թվականն անցավ, եկավ 2021-ը: Յուրա Հարությունյանը մեզ հետ զրույցում այս անգամ էլ ասել էր, թե գործարանը կշահագործվի 2021-ի նոյեմբերին կամ 2022-ի հունիսին:

Մոտենում է 2023 թվականի հունիսը, սակայն Վեդիի աղբի վերամշակման գործարանը շահագործման դեռ չի ենթարկվել:

Այսօր մեզ հետ զրույցում Յուրա Հարությունյանը վստահեցրեց, որ գործարանը 1 ամսից աշխատանքները կսկսի.

«Նախատեսում ենք՝ ապրիլի մեջ խոդ տանք: Հենց գործարանը շահագործեցինք, աղբավայրը լրիվ կփակենք, շլագբաում կդնենք, կողմնակի էլ աղբ չեն բերի լցնի»:

Դիտարկմանը, որ տեղեկություններ ունենք, որ ոսկու հանքից թափոններ եք տեղափոխում Վեդիի աղբավայր և այրում, Յուրա Հարությունյանն ասաց՝ աղբավայրում ոչ մի թունավոր նյութ չի թափվում.

«Բացի կենցաղային աղբից, այնտեղ ուրիշ բան չի թափվում և՛ փաստաթղթերով, և՛ փաստացի, ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Ինչ վերաբերում է աղբավայրում հրդեհների մասին ահազանգին, ոչ մի կրակ չկա այս պահի դրությամբ ու չի էլ եղել մոտ ժամանակներս:

Ինչ վերաբերում է ոսկու գործարանին, մենք մի ժամանակ աշխատել ենք իրենց հետ, պայմանագիր ենք ունեցել, զուտ կոշտ կենցաղային թափոններ ենք տեղափոխել, իրենց ընթացիկ կենցաղային աղբը: Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ցիանիդ և այլ թունավոր նյութերին, դրանք արտադրական թափոններ են, իրենք Արարատ գյուղի տարածքում պոչամբար ունեն, տանում, տեղադրում են այնտեղ: Այդ «Niva»-ի հետ կապված՝ ճիշտ են ասել, ուղեկցում է, տեսնում է, որ աղբը թափեցին զիբիլանոցում, թողնում, գնում է: Այդ մեքենան գալիս է նրա համար, որ իրենց բերած զիբիլը անպայման տեղադրվի աղբավայրում, նկարում, թողնում գնում են: Մենք վաղուց իրենց հետ չենք աշխատում, այդ գործառույթն իրենց հետ չկա: Կոնկրետ չեմ հիշում, թե ինչքան ժամանակ ենք աշխատել, բայց մի քանի տարի աշխատել ենք, էլի եմ ասում՝ զուտ կոշտ կենցաղային աղբ է եղել՝ կերակրի մնացորդ և այլն, ուրիշ ոչ մի բան»:

Յուրա Հարությունյանը ևս մեկ անգամ նշեց, որ աղբի վերամշակման գործարանում արդեն փորձարկումներ են իրականացնում, որպեսզի ապրիլից այն շահագործվի.

«Տարեկան մինչև 5000 տոննա աղբ ենք վերամշակելու»:

Քրեական գործ հարուցելու վերաբերյալ քաղաքացիների տեղեկությունը ճշտելու նպատակով Յուրա Հարությունյանին հարցրեցինք՝ այս ընթացքում որևէ քրեական գործ հարուցվե՞լ է իր կամ գործարանի դեմ, ինչին նա բացասական պատասխան տվեց:

168.am-ը նաև կապ հաստատեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ, նա ևս հերքեց տեղեկությունը, թե իբր թունավոր նյութեր են տեղափոխում Վեդի քաղաքի աղբավայր.

«Այո՛, տարիներ շարունակ տվյալ մասնավոր լիցենզավորված ընկերության հետ ունեցել ենք պայմանագիր, որն իրականացնում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աղբահանությունը՝ չտեսակավորված, կենցաղային աղբի արտահանում: Հսկողական մեքենան Արարատից միշտ ուղեկցել է աղբատար մեքենային, որպեսզի աղբը տանեն և թափեն այն վայրում, որտեղ պայմանագրով նախատեսված է, ինչպես նաև հաշվարկային ֆունկցիա է կատարել, թե ինչքան աղբ տարավ»:

Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ 2023 թվականի հունվարից նշված ընկերության հետ կասեցրել են պայմանագիրը, և հիմա աղբահանությունն իրականացնում է Արարատ խոշորացված համայնքի համապատասխան վարչությունը, որը նաև հսկողություն է իրականացնում:

Տեսանյութեր

Լրահոս